Էրդողանի՝ Վատիկան կատարած այցի համատեքստում հայկական տեսանկյունից արծարծված ամենաուշագրավ թեման Հայոց ցեղասպանության հարցն է, որը Վատիկանի եւ Թուրքիայի հարաբերություններում հավելյալ սրացում էր առաջացրել 2015թ. ապրիլին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի անցկացումից եւ Մեծ եղեռնի հետ կապված Ֆրանցիսկոսի՝ արդեն որպես Հռոմի Պապի դիրքորոշման արտահայտումից հետո:
Առհասարակ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման հարցը հավելյալ լարվածություն է առաջացրել նաեւ Թուրքիայի եւ վերը թվարկված եվրոպական երկրների հարաբերություններում, որոնց վերաբերյալ Թուրքիայի նախագահը փորձում է կարգավորման պատրանք ստեղծել:
Ի դեպ, նույն պատրանքը ստեղծելու փորձը, այս անգամ արդեն կեղծ քարոզչության տեսքով, իրականացվեց Վատիկան այցի եւ Ֆրանցիսկոս Պապի հետ ոնեցած առանձնազրույցի բովանդակության կեղծման միջոցով: Թուրքական որոշ լրատվամիջոցներ, առանց որեւէ պաշտոնական աղբյուրի հղման, հաղորդել են, թե իբրեւ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Կաթոլիկ քահանայապետը Հայոց ցեղասպանության հարցում «Թուրքիային համերաշխություն է հայտնել»։ Ի դեպ, այս ապատեղեկատվությունը բավական կազմակերպված կերպով արտատպվեց նաեւ որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ արդեն թուրքական կայքերին կատարված հղումով: Մինչդեռ որեւէ պաշտոնական սկզբնաղբյուրում, անգամ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում Էրդողանին վերագրված վերոնշյալ խոսքերը գոյություն չունեն:
Դա բնական է, քանի որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային տեսակետը, որ հայտնի էր դեռեւս մինչ նրա քահանայապետ ընտրվելը, չէր կարող փոխվել՝ հաշվի առնելով Վատիկանի կողմից վարվող բարոյական արժեքների վրա հիմնված քաղաքականությունը:
Այնպես որ, եթե Մերձավոր Արեւելքում Թուրքիայի իշխանություններին հաջողվում է անգամ կարճաժամկետ հեռանկարում հարաբերություններ կարգավորել, այդ թվում՝ ընդհանուր շահի առկայությամբ պայմանավորված, ապա Արեւմուտքում՝ ոչ: Վատիկանի, վերջին շրջանում ԱՄՆ-ի, իսկ օրեր առաջ նաեւ Նիդեռլանդների հետ սրված խնդիրները նշվածի վառ օրինակ են:
Կից նյութն՝ այստեղ