Արաբական գարունը սկսվեց 2010թ.-ի դեկտեմբերի 17-ին, երբ Մուհամեդ Բուազիզի անունով մի վաճառական ինքնահրկիզվեց ընդդեմ ոստիկանական կոռուպցիայի և իր հանդեպ ստոր վերաբերմունքի։ Արաբական գարունը իր մեջ ներառում է մի շարք հեղափոխական բողոքներ ու ցույցեր ուղղված անարդար կառավարության դեմ։
Արաբական գարնան բողոքների հիմքում ընկած էին նաև մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչպիսիք էին օրինակ՝ պետություններում տիրող տնտեսական լճացումը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները, գործազրկության բարձր մակարդակը և այլն։ Հեղափոխական բողոքներն ու ցույցերը սկսվել էին Թունիսում և հետագայում տարածում գտել Հյուսիսային Աֆրիկայում և Միջին Արևելքում։ Բացի այդ, հարկ է նշել, որ եթե Թունիսում, Եգիպտոսում և Եմենում ցույցերը և բողոքները տեղի էին ունենում հեղափոխությունների տեսքով, ապա Լիբիայում ու Սիրիայում՝ քաղաքացիական պատերազմի տեսքով։ Բողոքի ցույցեր էին տիրում նաև Բահրեյնում, Իրաքում, Ալժիրում, Մարոկկոյում, Հորդանանում և Օմանում: Սակայն, Քուվեյթում, Մավրիտանիայում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում և Արևմտյան Սահարայում տեղի էին ունեցել սակավաթիվ հանրահավաքներ, որոնք էական արդյունք չէին ունեցել։ Անհրաժեշտություն է առաջանում պարզել, թե արդյո՞ք իրադարձությունների նման զարգացումը կապ ուներ սոցիալական ցանցերի հետ, որոնք հանդես էին գալիս պետություններում տիրող մի շարք խնդիրների բարձրաձայնման համար և արդյո՞ք գլոբալիզացիան նպաստեց այդ խնդիրների վերացմանը և ժողովրդավարության հաստատմանը այդ պետություններում։
Սոցիալական ցանցերի ազդեցությունը
Սոցիալական ցանցերը իրենց դերակատարությունն են ունեցել արաբական գարնան ընթացքում: Դրանք հանդես էին գալիս որպես գործիք, որի միջոցով ցուցարարները կազմակերպում էին իրենց ցույցերը և տեղեկատվություն տարածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Բացի այդ,սոցիալական ցանցերը հանդես էին գալիս որպես մի հարթակ, որը համախմբում էր տարբեր պետություններից մարդկանց՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ։ Հենց մեկ ընդհանուր նպատակով էր պայմանավորված ցույցերի և բողոքների բարձր կազմակերպվածությունը: Իզուր չէ, որ հենց սոցիալական ցանցերն էին ընտրված որպես նպատակի իրագործման գործիք, քանի որ դրանք ունեին մի շարք առանձնահատկություններ, որոնցից են.
Հասանելիությունը: Այսինքն, դրանք հնարավորություն էին տալիս մարդկանց շփվել միմյնաց հետ աշխարհի ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ։
Տարածվածությունը: Ի տարբերություն այլ տեղեկատվական աղբյուրների' թերթերի, ամսագրերի և այլն, սոցիալական ցանցերը հնարավորություն էին տալիս տարածել տեղեկատվությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև միջազգային հարթակում։
Մատչելիությունը: Դրանք հնարավորություն էին տալիս նույնիսկ աղքատ մարդկանց տեղեկատվություն ստանալ տեղի ունեցող իրադարձություններից։
Համընդհանրություն: Այսինքն, ցանկացած անհատ կարող էր ներգրավված լինել այս հարթակում անկախ նրա խավի, սեռի, տարիքի պատկանելիությունից և այլն։
Բացի այդ, հաշվի առնելով վերը նշված առանձնահատկությունները սոցիալական ցանցերի տարածվածությունը և բողոքների ու ցույցերի ժամանակ որպես գործիք հանդիսանալը պայմանավորված էր նաև նրանով, որ բնակչության, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերի մեծամասնությունը երիտասարդներն էին, ընդորում կրթված երիտասարդները։ Հարկ է նշել նաև, որ սոցիալական ցանցերի նման առանձնահատկությունները հանգեցնում էին նրան, որ մարդիկ անկախ իրենց կամքից սկսում էին հետաքրքրվել և ներգրավվել տեղի ունեցող իրադարձություններում, ինչպես նաև դարձնել այդ իրադարձությունները ամենօրյա քննարկման առարկա։ Այլ կերպ ասած, մարդիկ տեղեկատվություն էին ստանում հիմնականում սոցիալական ցանցերից, այդպես, համաձայն 2011թ.-ի Arab Social Media Report-ի, Թունիսի բնակչության 94%, իսկ Եգիպտոսի բնակչության 88%-ը տեղեկություն էր ստանում սոցիալական ցանցերից։
Բացի տեղեկատվության ձեռք բերմանը և ցույցերին մասնակցությանը, հասարակությունը սկսում էր հետաքրքրվել նաև քաղաքական գործընթացններով և իր ազդեցությունն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա։ Սա էլ նպաստում էր նրան, որ քաղաքական գործընթացները դառնում էին ավելի ժողովրդավարական։ Այլ կերպ ասած, քաղաքական ակտիվիզմը տեղի էր ունենում սոցիալական ցանցերի միջոցով և խթան հանդիսանում թվայնացված ժողովրդավարական կառավարության ստեղծմանը։ Բացի քաղաքական գործոնից, կար նաև հոգեբանական գործոնը, որը հիմնականում ազդեցություն ունեցավ հասարակության վրա։ Այդպես, օրինակ՝ սոցիալական ցանցերի օգտատերերը անընդհատ կարդալով մարդու իրավունքների խախտումների և ոտնահարումների, անարդարության և այլնի մասին, ակամա սկսում էին հավատալ դրան և սկսում պայքարել իրենց իրավունքների և արդարության վերականգման համար։ Այսպիսով, հոգեբանական գործոնը նպաստեց բողոքի ցույցերում առավել շատ մարդկանց ներգրավվմանը հանուն համընդհանուր բարեկեցության։ Սակայն, մարդկանց այդ իրադարձություններում ներգրավվածության օրեցօր ավելացումը չէր կարող անտարբեր թողնել իշխանություններին:
Այդպես օրինակ, Սիրիայում իշխանությունները զգալով, որ բողոքներն ու ցույցերն օրեցօր ավելի են ուժեղանում, արգելք դրեցին սոցիալական ցանցերի օգտագործման վրա, դրանով իսկ նպաստելով մարդկանց ամբողջության տարանջատմանը վիրտուալ աշխարհում։ Սակայն, եթե իշխանությունները կարողանում են վերահսկողություն ունենալ ամսագրերի ու թերթերի վրա, ապա սոցիալական ցանցերի իրենց վերահսկումը կարող է տևել ընդհամենը մի որոշ ժամանակահատված: Ավելին, սոցիալական ցանցերի փակումը ավելի էր մոտիվացնում օգտատերերին պայքարելու ընդդեմ իշխող կառավարությանը։ Այլ կերպ ասած, սոցիալական ցանցերը հանդես էին գալիս որպես հասարակությունը մոբիլիզացնելու գործիք իշխանությունների դեմ։
Իշխանությունների և հասարակության միջև եղած բախումները, ինչպես նաև ցույցերը տեսանկարահանվում էին հասարակության կողմից և տեղադրվում առավել հայտնի սոցիալական ցանցերում' Youtube-ում, Twitter-ում, Facebook-ում։ Սրա միջոցով ամբողջ աշխարհը ականատես էր դառնում տիրող իրադարձություններին, մասնավորապես հակակառավարական ցույցերին և բռնություններին: Իզուր չէ, որ հաճախ այդ ցույցերի ու հեղափոխությունների ամբողջությունը անվանում են “Facebook Revolution” և “Twitter Revolution”։ Թեև լայն տարածում էր գտել այն վարկածը, որ սոցիալական ցանցերը կարող են փոփոխությունների հանգեցնել, այնուամենայնիվ, կարևորվում են ոչ թե սոցիալական ցանցերը, այլ այն մարդիկ, որոնք ստեղծում են դրանք և օգտագործում՝ ելնելով որոշակի սոցիալական, տնտեսական, քաղաքական և գաղափարախոսական նպատակներով: Սակայն, կախված նպատակից և օգտատերերից սոցիալական ցանցերի օգտագործում կարող է չկանխամտածված հետևանքներ ունենալ: Այդպես օրինակ՝ նույն սոցիալական ցանցերի օգտագործումը Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում, Սիրիայում տարբեր հետևանքներ էր ունեցել:
Ժողովրդավարության ազդեցությունը
Արաբական գարնան ընթացքում կարևոր դեր խաղաց նաև քաղաքացիական հասարակությունը' սոցիալական ցանցերի հիմնական դերակատարը։ Քանի որ մարդկանց համագործակցության հարթակ էին հանդիսանում սոցիալական ցանցերը, որոնց միջոցով քննարկվում էին գործողությունները, նախագծվում ցույցերը և այլն սկսվեց ձևավորվել առցանց քաղաքացիական հասարակություն: Բացի այդ, այն մարդիկ, ովքեր իրենց չէին համարում առցանց քաղաքացիական հասարակության մաս, այնուամենայնիվ, մասնակցում էին դրա գործունեությանը։ Այսպիսով, հասարակական կարծիքի ձևավորման վրա կենսական նշանակություն ունեցան սոցիալական ցանցերը։ Քաղաքացիական հասարակության կողմից սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպվող բողոքները և ցույցերը ուղղված էին ժողովրդավարության և արդարության հաստատմանը պետություններում: Իզուր չէ, որ որպես կարգախոս հանդես էր գալիս հետևյալ նախադասությունը' «Ժողովուրդը ցանկանում է իշխանության անկումը»: Դա իրենից ենթադրում էր վարչակարգի փոփոխություն, այսինքն ավտորիտար վարչակարգից անցումը ժողովրդավարությանը: Նման փոփոխությամբ էր պայմանավորված այն, որ արաբական աշխարհը հայտնվեց ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
Թեև ավտորիտար վարչակարգի վերացման համար բողոքի մասնակիցները ընտրել էին ժողովրդավարության տեսանկյունից անընդունելի միջոց՝հեղափոխությունը, այնուամենայնիվ, այդ միջոցը ծառայում էր ժողովրդավարության արժեքների փոխառմանը և հաստատմանը իրենց պետությունում։ Հեղափոխության պահանջը առաջացավ այն ժամանակ, երբ պետություններում սկսեց տիրել տնտեսական ճգնաժամը, այն է բարձր արտաքին պարտքը, արտաքին ներդրումների պակասը, տնտեսական ճգնաժամը և կարիք առաջացավ քաղաքական փոփոխություններին։ Եվ չնայած որոշ պետություններում ավտորիտար վարչակարգը կրեց որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, ժողովրդավարության փոխառումը այնքան էլ հեշտ չէր։ Քաղաքացիական հասարակություն ունեցավ իր թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն ժողովրդավարության հաստատման գործընթացում: Դրական ազդեցությունը այն էր, որ քաղաքացիական գիտակցության իրավագիտակցությամբ էր պայմանավորված այն, որ թեև ընտրելով սոցիալական ցանցերը որպես գործիք,այնուամենայնիվ, կարողացավ նպաստել ավտորիտար վարչակարգի փլուզմանը որոշ պետություններում։
Այսպես, օրինակ' Եգիպտոսում առաջին անգամ տեղի ունեցան ժողովրդավարական ազատ և արդար ընտրություններ։ Բացի այդ, Թունիսի նախագահ Զեյնալ-Աբիդին բեն Ալին 2011 թ.-ին հեղափոխությունից հետո հեռացավ Սաուդյան Արաբիա։ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը 2011 թ.-ին զանգվածային բողոք-ցույցերից հետո հրաժարական տվեց, Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը 2012թ.-ին զրկվեց իշխանությունից։ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆին գահընկեց արվեց 2011թ.-ին։ Բացասական ազդեցությունն էլ այն էր, որ հենց քաղաքացիական հասարակության թերի զարգացվածությամբ էր պայմանավորված որոշ պետություններում իրավիճակի ավելի բարդացումը և ժողովրդավարության հաստատման փորձի տապալումը։ Այսպես, օրիանակ' Սիրիայում ավտորիտար վարչակարգը ոչ միայն չփլուզվեց, այլև ի հայտ եկան մի շարք քաղաքացիական պատերազմներ, որոնք խոչընդոտ հանդիսացան ժողովրդավար արժեքների փոխառման համար: Այսինքն, կարևորվում էր սոցիալական ցանցերի ճիշտ կիրառումը քաղաքացիական հասարակության կողմից։
Գլոբալիզացիայի ազդեցությունը
Գլոբալիզացիան նույնպես իր դերակատարությունը ունեցավ արաբակական գարնան ընթացքում: Գլոբալիզացիան խթան հանդիասացավ տեղեկատվության արագ տարածման համար։ Իր հերթին տեղեկատվության տարածումը նպաստեց մարդկանց գիտակցության բարձրացմանը։ Ընդորում տարածումը տեղի էր ունենում ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային մակարդակով։ Իզուր չէ, որ գլոբալիզացիան և սոցիալական ցանցերը ստեղծել էին այնպիսի պայմաններ, որոնց հետևանքով աշխարհը սկսվում էր պատկերվել որպես թվայնացված գյուղ։ Այլ կերպ ասած, ձևավորվել էր համաշխարհային գյուղ, որը հնարավորություն էր ստեղծում աշխարհի տարբեր մարդկանց առնչվել միմյանց հետ մեկ վայրում։
Գլոբալիզացիան հանդես եկավ նաև որպես հարթակ բողոքների գաղափարների տարածման համար և որպես հեղափոխություն իրականացնելու դրդիչ ուժ: Դա էր պատճառը, որ մի պետությունում առաջացած բողոքների ու ցույցերի շարքը, որը հետագայում փոխարինվեց հեղափոխության, տարածում գտավ նաև հարևան պետություններում' գտնվող գրեթե նույն կարգավիճակում: Այդպես, բողոքի ալիքը սկիզբ առավ Թունիսից և այնուհետև տարածում գտավ Եգիպտոսում, Սիրիայում, Լիբիայում, Եմենում։ Այլ կերպ ասած, հեղափոխությունները առավել մեծ տարածում էին գտնում տնտեսապես անկայուն պետություններում, որոնք երբեմն ստիպված են լինում ընդունել գլոբալիզացիայի պայմանները հեղափոխությունների վերացման և իրենց իսկ տնտեսական բարեկեցության համար, ինչպես նաև միջին խավի ձևավորմանը։ Սակայն, գլոբալիզացիայի պայմանների ընդունումը կրում էր ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ։ Քաղաքական հետևանքներից էր օրինակ՝ ժողովրդավարության արժեքների փոխառման հարկադրանքը։ Ինպես գլոբալիզացիան տարածեց բողոքի ալիքը, այնպես էլ այն տարածեց նաև ժողովրդավարության ալիքը։ Այլ կերպ ասած, գլոբալիզացիան տրամադրում է լավ միջավայր փոփոխությունների համար։ Արդյունքում, արաբական գարնան հետևանքով տեղի ունեցավ իսլամական գլոբալիզացիայի անկում և արևմտյան գլոբալիզացիայի հաստատում։
Լուսինե Հակոբյան