2017 թ. դեկտեմբերի սկզբին Եմենի ներքին զինված հակամարտության շրջանակներում տեղ գտած շրջադարձային իրադարձություններից հետո, երբ հյուսիսային շրջանները վերահսկող հակակառավարական ճամբարում կանխվեց հեղաշրջման փորձը և սպանվեց երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը, այսօր նման իրավիճակ է ստեղծվել արդեն Եմենի հարավում՝ միջազգայնորեն ճանաչված իշխանության ներսում:
Ընդ որում, ինչն է ուշագրավ, որ շահերի բախումը տեղի է ունեցել երկու դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հովանավորյալ դերակատարների, համապատասխանաբար՝ գործող նախագահ Աբդռաբուհ Մանսուր Հադիի թիմակիցների և «Հարավային անցումային խորհրդի»(ՀԱԽ կամ Հարավային դիմադրություն, որի կազմում են մի շարք զինված խմբավորումներ) միջև:
ՀԱԽ-ը մեկշաբաթյա վերջնագիր էր ներկայացրել նախագահին՝ վարչապետին պաշտոնանկ անելու և կառավարությունը ցրելու պահանջով՝ այլապես սպառնալով դուրս գալ իշխանության կազմից. վերջնագրի ժամկետը լրացել է հունվարի 28-ին: Հադին ոչ միայն մերժել է ներկայացված պահանջները, այլև Ադենի փողոցներ դուրս բերել նախագահական պահակախումբը և արգելել ամեն տեսակի ցույցերի անցկացումը երկրում. նախագահի նման քայլը լուրջ բախումների պատճառ է դարձել, որի ընթացքում միայն այսօրվա ընթացքում զոհվել է մոտ 3 տասնյակ մարդ, իսկ ՀԱԽ-ի առաջնորդ, Ադենի նախկին նահանգապետ Իդրուս ալ-Զուբայդիի քարտուղարը հայտարարել է, որ ապստմբությունը կշարունակվի արդեն մինչև Հադիի տապալումը: Քաղաքական միջոցներով բախումները կանխելու հնարավորությունների ձախողումից հետո «ապստամբները» Ադենում գրավել են նախագահական պալատը և գերել մի քանի հարյուր «ահաբեկիչների»:
Հարկ է նշել, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ռազմական ստորաբաժանումներն իրավիճակին դեռևս չեն միջամտել, մինչդեռ ակնհայտ է, որ սրված հակամարտությունը և հնարավոր շատ ավելի մեծ ծավալի արյունահեղությունը հնարավոր է կանխել բացառապես վերոնշյալ արտաքին դերակատարների ակտիվ ներգրավմամբ, այլապես լարվածության խորացման պարագայում կարող է օգտվել հյուսիսում Սանան վերահսկող հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը և երկրի հարավում կորցրած դիրքերը վերականգնելու նոր փորձեր նախաձեռնել: