Այս տարի ՀՀ արտաքին պետական պարտքը գերազանցեց 6 միլիարդի շեմը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ներդրումներ ներգրավելու խոստմամբ իրեն գովազդող վարչապետը չկարողացավ այն պահել, ձախողեց, մինչդեռ, պետք էր բժիշկներին ու ուսուցիչներին աշխատավարձ տալ: Ըստ կանխատեսումների, 2018-ին պետական պարտքը կգերազանցի արդեն 7 միլիարդ դոլարը: Լրատվականները պարբերաբար վախեցնում են բնակչությանը, սակայն, որպես կանոն, ասվում է ապագա սերունդների ուսերին ավելացող բեռի մասին, իրականությունն այն է, որ արդեն այսօր շարքային քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգում են այս պարտքի բեռը: Հենց արտաքին պարտքի պատճառով են եկամուտները կրճատվում, ծախսերն էլ աճում։
Բանն այն է, որ վերջին շրջանի թանկացումները հիմնականում այն հարկային քաղաքականության արդյունքն են, որը կառավարությունը ստիպված որդեգրեց, որպեսզի կարողանա սպասարկել արտաքին պարտքը: Այս մասին պարտադրական տոնով ակնարկել են նաև միջազգային ֆինանսական հաստատությունների հայաստանյան ներկայացուցիչները: Մարդիկ բաց տեքստով ասացին՝ պիտի հարկերը բարձրացնեք, որ կարողանաք պարտքերը մարել: Հետաքրքիր է, որ ո՛չ այդ ելույթների ժամանակ, ո՛չ էլ բուն հարկերը բարձրացնելու օրինագիծն ընդունելիս ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները առանձնապես չէին աղմկում: Հիմա, երբ այդ օրինագիծը բերել է գնաճի, նրանք ակտիվացել են, սակայն համառորեն շրջանցում են այդ գնաճի գոյացման բովանդակային քննարկումից: Չկա մեկը, ով կասի, որ թանկացումները մեզ պարտադրված են միջազգային կառույցների կողմից, քանի որ ում ասես, ինչքան ասես վարկ են տվել: Ըստ ամենայնի, նույն աղբյուրներից սնվող այս խմբերը կշարունակեն լռել թանկացումների իրական պատճառների մասին:
ՀՀ 6,3 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի մոտ 4,5 միլիարդը արտաքին պարտքի բաժինն է: Այս պարտքի սպասարկման համար մենք 2017-ին վճարել ենք 64 միլիոն դոլար կազմող տոկոսներ, իսկ 2018-ին կվճարենք 78 միլիոն դոլար: Բուն պարտքը գոյացել է անկախացումից ի վեր տարատեսակ ծրագրերի և բարեփոխումների համար տրվող վարկերից և պարտատոմսերից: Հետաքրքիրն այն է, որ վարկատուները սկզբում մեզ համոզում էին, որ ճիշտ ուղին կապիտալիզմն է. Պետք է մասնավորեցնել ամեն ինչ, քանդել սովխոզները և կոլխոզները, հիմնարկները վաճառել ու հնարավորինս իջեցնել հարկերը, այսինք վարել լիբերալ տնտեսական քաղաքականություն: Հիմա, երբ տնտեսական ներուժն արդեն մսխված է, պահանջում են ավելացնել հարկերը, որպեսզի այդ ներուժը մսխելու համար վերցված վարկերը կարողանանք մարել: Սա իր հերթին շարունակելու է զրոյացնել մեր դիմադրողականությունը և ստիպելու է շարունակել քաղաքական զիջումների գնալու պրակտիկան:
Ի դեպ, եթե ժամանակին մենք չլսեինք միջազգային ֆինանսիստներին, մեր երկիրը հռչակվելու էր բռնապետություն, որը ի տարբերություն բռնապետական Ադրբեջանի չուներ նավթ և դատապարտված կլիներ մարգինալացման: Սա Տեր Պետրոսյանի համար անընդունելի էր, և նա հետևողականորեն արեց այն, ինչ իրեն ասում էին ու մինչ օրս գլուխ է գովում Կովկասում ժողովրդավարության կղզյակ կառուցողի պատվավոր կոչմամբ և իր լիբերալ տնտեսագետների թիմով: Ի հակադրություն սրան, բռնապետի կոչմանն արժանացած Լուկաշենկոյի Բելոռուսում բնակչության կենսամակարդակը մոտ 50% -ով ավելի բարձր է, քան Հայաստանում: Ինչևէ, միջազգային օլիգարխիան մեր ինքնասիրահարված լիբերալ դեմոկրատների գլխի տակ փափուկ բարձ դրեց, մերոնք էլ հաճույքով գլուխները դրեցին այդ բարձին: Հիմա Հայաստանն աշխարհի բազմաթիվ երկրների նման «նստած» է վարկային «ասեղի» վրա ու առանց հավելյալ վարկերի ու հարկերի ունակ չի լինի մարել ներկայիս պարտավորությունները: Արդեն 2020-ին բյուջեից մոտ 800 միլիոն դոլար է ծախսվելու պարտքի սպասարկման համար:
Այս մասին բովանդակային քննարկում չկա հասարակության մեջ, քանի որ տարեկան 64 միլիոն դոլար շահույթ ստացող միջազգային կառույցները գիտակցում են «քաղաքացիական հասարակության» անհրաժեշտությունը և չեն մոռանում դրանց ֆինանսավորել: Նույն «Սորոս»-ի հիմնադրամն անցած տարի մոտ 1 միլիոն դոլար է ծախսել Հայաստանում: Այս գումարի կեսը տրամադրվել է մեդիա հարթակներին: Պարզ է, որ այդ ՀԿ-ները ու լրատվականները չեն բացահայտելու, թե ինչու և ինչպես Հայաստանն ընկավ այս անդունդը և ցույց չեն տալու դուրս գալու իրական ուղիները: Պարզ է նաև, որ այդ դոնորներից սնվող հիմնարկները պիտի կենտրոնանան զինված ուժերի ու ոստիկանության քայքայման վրա, քանի որ միայն այդ կառույցները տեսականորեն կարող են դիմադրել միջազգային ֆինանսական «ռեկետ» -ին: Կոպիտ ասած, մեզ դեֆոլտից ետ է պահում միայն Արցախյան կոնֆլիկտը, ըստ այդմ, մեր հնարավոր դեֆոլտից վնաս կրողները պետք է հենց բանակին էլ հարվածեն, որպեսզի մենք ոչ մի դեպքում չմարսենք դեֆոլտը:Եթե հաշվի առնենք, որ 64 միլիոնից ընդամենը մի քանի միլիոն ծախսելով կարելի է երկրում անհրաժեշտ իրավիճակ ստեղծել, ապա այս բիզնես մոդելը կարելի է բավականին հաջողված համարել:
Փաստացի, ստացվում է, որ երկրներին կախվածության մեջ գցելու համար միջազգային կառույցներին անհրաժեշտ է. 1.Ֆինանսավորել ապաշնորհ կառավարություններին, որոնք ֆինանսական միջոցներով ներդրումներ կատարելու փոխարեն, դրանք ուղակի կմսխեն,
2.Նույն երկրից տոկոսների դիմաց վճարվող գումարի մի փոքր մասի հաշվին ֆինանսավորել կառույցների, որոնք կքայքայեն հնարավոր պայքարի աղբյուրները՝ ազգայնական ուժեր, սոցիալիստներ, ուժայիններ և այլն:
Ստացվում է, որ վարկ տալով և՛ փող են աշխատում, և՛ միջազգային ազդեցությունն ամրապնդում: Միջազգային օլիգարխիային պետք է կառավարություն, որն անընդհատ կմարի միայն տոկոսները և չի կարողանա մարել մայր գումարը: Հետևաբար, իրենց կողմից ֆինանսավորվող քաղհասարակությունն ու մեդիա դաշտը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանի նման երկրներում առողջ ուժերն իշխանության չգան: Մինչև համաշխարհային հարթակում Չինաստանի հայտնվելը այս համակարգն անխափան աշխատում էր:
Ներկայիս ընդդիմությունը IMF-ի դեմ չի պայքարելու, քանի որ կկորցնի գրանտակերների ամբողջ զանգվածին, իսկ իշխանությունը չի պայքարի, քանի որ ռեսուրս չունի՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ մարդկային: Բավարար է նշել միայն այն, որ ՀՀ արդարադատության նախարարությունում ղեկավար պաշտոնների մեծ մասը զբաղեցնում են ամերիկյան «Ֆլեթչեր» համալսարանի շրջանավարտները: ԵԱՏՄ-ի դեմ իշխանությունը չի պայքարում նույն պատճառներով, իսկ ընդդիմությունն էլ չի կարող՝ զուտ բովանդակային սնանկության պատճառով: ԵԱՏՄ-ից դուրս գալ նշանակում է միանգամից մտնել էներգակիրների մաքսազերծման դաշտ, որը էլ ավելի մեծ թանկացումների կբերի: Այսինք՝ բոլոր ուղղություններով իրավիճակը փակուղային է: Թե՛ IMF-ի, թե՛ ԵԱՏՄ-ի հետ որպես հավասար կարող է խոսել միայն այն երկիրը, որն ունի հզոր բանակ և ոստիկանություն: Ցավոք, դա շատ լավ գիտեն թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում, ուստի համապատասխան միջոցներ են ձեռնարկում ամեն անգամ, երբ առիթ է լինում դրսից բարոյազրկել, կամ ներսից քայքայել վերոհիշյալ կառույցները: