Այսօր 55 տարեկան հասակում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։ Իսկ ահա արցախյան պատերազմի տարիներին` 1993 թվականի ապրիլին Քարվաճառի (Քելբաջար) ազատագրման օրերին արված այս հայտնի լուսանկարում հենց ինքը`Սարգիս Հացպանյանն է`ադրբեջանցի ծեր կնոջ հետ զրուցելիս: 

 

Հետագայում Հացպանյանը պատմել էր լուսանկարի մասին. «Այնտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ կային, տղամարդիկ փախել էին` կանանց թողնելով անօգնական վիճակում: 80-ամյա մի կին, տեսնելով մեզ, նախատելով ասաց. «Ինչու այսքան ուշացաք, շուտով հայերը քաղաք կմտնեն, մերոնք ասացին`մենք գնում ենք, իսկ ձեր ետևից ուղղաթիռներ կուղարկենք»: Ես հասկացա, որ կնոջը թվացել էր, թե մենք իրենցից ենք:

 

-Հայերն արդեն այստեղ են,-ասացի ես:

 

Մենք հավաքեցինք բոլոր մարդկանց և ասացինք, որ նրանց կյանքերն ու պատիվը պաշտպանված են, մեր պատերազմը այն թշնամու դեմ է, ով մեզ վրա զենք է բարձրացրել, այլ ոչ թե խաղաղ բնակչության: Ի տարբերություն ադրբեջանցի զինվորների`մենք զենք չենք բարձրացնում անզեն մարդկանց վրա, չենք նվաստացնում նրանց պատիվը: Նրանց մեջ էր 81-ամյա մի կին` Շեյխա խանումը, ում բոլորը հարգանքով էին վերաբերվում: Նա բանաստեղծուհի էր, աշուղ:

 

Նա ասաց. «Այս պատերազմը մեր երկու ժողովուրդների միջև մղվող պատերազմ չէ, մենք սիրում ենք հայերին, մենք գիտենք, որ այս երկիրը հայերինն է. ամենուր հայկական գերեզմաններ են, հայկական խաչքարեր, ամենուր հայկական մշակույթի հետքեր են»: Եվ ահա այդ զրույցի ժամանակ էլ հենց Զավեն Խաչիկյանը մեզ աննկատ լուսանկարել էր»:

 

 

Фото Халатяна Айка.