Մեր Ազգային Ժողովում կան տարբեր մարդիկ, ովքեր ունեն տարբեր ինտելեկտուալ ու կրթական ցենզ, տարբեր ոճեր ու տարբեր պատկերացումներ՝ Հայաստանի ապագայի մասին։ Սակայն կա Շուշան Պետրոսյան, ով տապալում է բոլորին, տապալում է իր պաթոսով։ Դիտելով Շուշան Պետրոսյանի այսօրվա ելույթը ԱԺ-ում, նույնիսկ ամենալոյալ մարդը, ով ոչ մի բան չունի ընդդեմ Ազգ-Բանակի, հայրենասիրության և այլ արժեքների մասին, որոնցից խոսում է Շուշան Պետրոսյանը, ակամայից սկսում է իրեն վանել այդ թեմաներից։

Ախր Շուշան ջան, քո արևին ղուրբան, մի անգամ էլ սենց ելույթ ունեցար, էն որ անհաջող մեջբերում արեցիր, որ մեռնողը դավաճան է ու էլի քեզ հոշոտեցին։ Ու հոշոտեցին ոչ այնքան բառերի, այլ էլի այդ անտանելի պաթոսի համար, որով դու շարունակաբար փայլում ես ԱԺ-ում։ Ի վերջո, անկեղծորեն սկսում ես հավատալ, որ Շուշան Պետրոսյանը շփոթել է ԱԺ ամբիոնը դպրոցական շարադրությունների մրցույթի վայրի հետ։ Ընդ որում, այդ շարադրությունների տոնայնությունը ԽՍՀՄ-ի բրեժնևյան ժամանակաշրջանի լավագույն ավանդույթներով են։

Սիրելի՛ Շուշան Պետրոսյան, ասում եք, որ հայրենիքը սիրել պետք է լուռ։ Համաձայն ենք, բայց կլինի ԱԺ-ում Ձեր ներկայությունը իմաստավորեք ոչ միայն լռությամբ ու պաթոսախեղդ անող շարադրություններով, այլ նաև այն ամենով, ինչը ակնկալվում է պատգամավորից՝ մեր տեսլականների պետությունում․ այն է՝ օրենքներ գրել, իմաստալից ելույթներ ունենալ, երկրի զարգացմանը ոչ միայն խոսքով, այլ գործով ապացուցելով։ Գիտենք, որ ահագին լավ բաներ անում եք, բայց պատգամավորությունը դա բարեգործության մասին չէ, զինվորներին օգնություն հասցնելու մասին չէ։ Պատգամավորությունը առաջին հերթին օրինագծեր առաջարկելու ու վատ օրինագծերը թույլ չտալու մասին է։ Իսկ դուք նստած ամբիոնի տակ, նկարում եք ռազմահայրենասիրական նապաստակ։