Իտալիայում Ամանորին ազատվում են հին իրերից, որպեսզի Նոր տարուն մոռացության տան անցած տարվա անհաջողությունները և ամեն ինչ սկսեն նորից։
Ֆրանսիայում Ձմեռ պապը կամ, ինչպես իրենք են անվանում, Պեր Նոյելը Նոր տարվա գիշերը հյուր է գալիս երեխաներին և նվերներ է թողնում նրանց կոշիկներում։ Ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ստանում է «լոբու արքա» անվանումը։ Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։
Շվեդիայում Ամանորից առաջ երեխաներն ընտրում են լույսի թագուհուն՝ Լյուցիային։ Նա սպիտակ շոր է հագնում և գլխին վառվող մոմերով թագ է դնում։ Լյուցիան նվերներ է բերում երեխաներին։
Կոլումբիայում ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը՝ Հին տարին, քայլում է երկար ոտքերի վրա և երեխաներին հետաքրքիր ու ծիծաղելի պատմություններ է պատմում։ Պապա Պասկուալը (կոլումբիական Ձմեռ պապը) հրավառություններ է կազմակերպում։
Կուբայում Ամանորից առաջ բոլոր դույլերն ու անոթները ջրով են լցնում և կեսգիշերին այդ ամբողջ ջուրը թափում են պատուհանից։ Այսպես նրանք անցնող տարուն մաղթում են ջրի նման պարզ ճանապարհ։ Ժամացույցի 12 զանգերի հետ պետք է ուտել 12 խաղողահատիկ, որպեսզի բարությունը, համաձայնությունն ու խաղաղությունը ամբողջ նոր տարուն ուղեկցեն մարդուն։
Մեքսիկայում Ամանորը դիմավորում են տոնական հրավառությամբ։ Գիշերը երեխաներին նվիրում են շոկոլադե տիկնիկներ։
Ճապոնիայում Ամանորի գիշերը զանգերը 108 անգամ են խփում։ Դրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է մեկ չարիքի։ Չարիքները ընդամենը վեցն են՝ ժլատությունը, հիմարությունը, բարկությունը, թեթևամտությունը, անվճռականությունն ու նախանձը, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարբեր երանգներ։ Դրանց գումարն էլ հենց հավասար է 108-ի։
Թուրքիայում շատ ընտանիքներ դիմավորում են Նոր տարին ըստ քրիստոնեական (գրիգորյան) օրացույցի և ուրախանում են Սանտա Կլաուսի (Նոել Բաբայի) հետ։ Սակայն մուսուլմանական հոգևորականությունը քննադատորեն է մոտենում այդպիսի տոնակատարություններին։
Իսպանիայում կեսգիշերին ընդունված է ուտել 12 խաղողահատիկ։
Հյուսիսային Ամերիկայում 1976 թվականից սկսած հատուկ ավանդույթ կա։ Այդ օրը բոլորը հրաժարվոում են ալկոհոլից:
Եվ վերջում՝ Հայաստանում Ամանորի նախապատրաստությունն ընթանում է երեք ուղղությամբ՝ տոնական սեղանի համար կերակրատեսակների պատրաստում, նվերների հայթայթում, բնակարանների կարգավորում: Սակայն Ամանորի տոնակատարության արարողակարգի հիմնական տարրը տոնական սեղանն է: Ամանորի նախօրեին հայ ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է միայն խոզաբդի վրա, որը մնում է որպես տոնական սեղանի թիվ 1 կերակրատեսակը: Տոնական ոչ մի սեղանից չի բացակայում խաղողի տերևներով ավանդական տոլման, շատերը, որպես սառը ուտեստ պասուց տոլմա են պատրաստում, ասել է, թե՝ պահքի տոլմա' բրնձի, ձավարի, լոբու, ոսպի կամ սիսեռի միջուկով: Ավանդական որոշ կերակրատեսակներ սլավոնական արմատներ ունեն, մասնավորապես՝ բլինչիկները: Մեր օրերում Ամանորին նյութական տարրն է կարևորվում. այն վեր է ածվել բարեկեցության և ֆինանսական հնարավորությունների ցուցադրության: Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12-ին, 12 հաղթական զանգերի հետ միասին մարդիկ շնորհավորում են իրենց ընտանիքի անդամներին, ապա այցելում հարևաններին: Շատերը Ամանորի գիշերը եկեղեցի են գնում, մոմ վառում և շնորհակալություն հայտնում Աստծուն նախորդ տարվա ընթացքում ունեցած թե՛ հաջողությունների և թե՛ ձախողումների համար: Բարեբախտաբար, փոփոխության չի ենթարկվել հին քրիստոնեական ժամանակներից եկող ավանդույթը, երբ Ամանորի հաջորդ օրերին երիտասարդները տնետուն շրջում էին, շնորհավորում բոլորին Նոր տարվա առթիվ: Այսօր ևս Ամանորի այցեր կատարելը պարտադիր է, մանավանդ՝ տարեցներին: Եվ, իհարկե, ուշադրության կենտրոնում երեխաներն են, ովքեր նվերներ են ստանում Ձմեռ պապից: