Հայ ժողովրդի ազգային կապիտալի հարցը պետք է դառնա օրակարգային գերխնդիր: Մի ազգ, ով ուներ համաշխարհային շուկայում որոշիչ կապիտալ, համարվում էր միջազգային շուկայում թելադրող, կարճ ակնթարթում կորցրեց ամեն ինչ:

Հայկական կապիտալը հեգեմոն դիրք ուներ Հնդկաստանում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Եվրոպայի գրեթե բոլոր ազդեցիկ հարթակներում:

Մի հատված Լեոից. «Իրողությունն այն է, որ 16-րդ դարում արաքսյան առևտրական կապիտալը բացառապես գյուղերում և ավաններում էր պարփակված։ Այս կապիտալին է, որ մենք տալիս ենք խոջայական հատուկ անունը։ Խոջա, սովորաբար, նշանակում է վաճառական ամեն կարգի, սկսած գյուղական մանր փերեզակից, մինչև խոշոր առևտրի ներկայացուցիչները։ Բոլոր աստիճանավորումների վրա էլ խոջայությունն ունի իր պատվավոր նշանակությունը, որ չափվում է խոջայի գործերի դիրքերով. կային մեծ խոջաներ, կային և փոքրերը։ Փոքրերը մեծերից են կախված և կազմում են մանր, ընդարձակ տարածված խանութպանությունը, որ վաճառելի ապրանքներ ստանում է մեծ խոջաներից և այդպիսով կազմում է նրանց գործակատարությունը, ասել է, նրանց անձնվեր զինվորությունը, նրանց ուժն ու շահը»: