Երուսաղեմի կարգավիճակի շուրջ զարգացումների համատեքստում կրկին սրվում են Իսրայել-Թուրքիա՝ առանց այդ էլ սառեցված հարաբերությունները։ Այս ամենում հայկական կողմի համար ուշագրավ է նաև Ադրբեջանի դիրքորոշումը։ Ալիևը փորձում է հնարավորինս չեզոք դիրք գրավել Իսրայել-Թուրքիա քաղաքական հակամարտությունում։

 

Մի կողմից Ալիևը, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակման վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո մտադիր չէ դառնալ քավության նոխազ իսլամական-արաբական աշխարհում՝ որպես Իսրայել պետության հետ ռազմավարական դաշնակցող մուսուլմանական բացառիկ երկրներից մեկը և միևնույն ժամանակ չսպառել Անկարայի համբերությունը։ Իսկ մյուս կողմից Ալիևը զգուշավոր դիրքորոշում է ընդունել Իսրայելի հարցում և հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ Երուսաղեմի կարգավիճակի առնչությամբ՝ սահմանափակվելով Էրդողանի հետ հակաիսրայելական բովանդակությամբ հեռախոսազրույցով։

 

Կարծում եմ, այս պահի դրությամբ հայկական կողմը դեռ կարող է և պետք է դիվանագիտական-քաղաքական և տեղեկատվական դաշտերում աշխատանքներ տանի վերոնշյալ հարցում Ադրբեջանի թվացյալ չեզոքության դիրքորոշման խախտման ուղղությամբ՝ ազդելու ինչպես Իսրայել-Ադրբեջան համագործակցության, այնպես էլ Ադրբեջան-իսլամական աշխարհ և առաջին հերթին՝ Ադրբեջան-Պակիստան, Ադրբեջան-Սաուդյան Արաբիա գործակցության ընթացիկ տրամաբանության վրա։ Ի դեպ, վերջիններս այն մուսուլմանական պետություններն են, որոնք առանձնանում են առավել սկզբունքային և արմատական հակահայկական դիրքորոշումներով։