Ալբերտ Բաղդասարյան-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղը`դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։
Հայաստանում մարդու ու քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են ամեն օր ու ամենուր։
Բոլոր իրավունքները։
Բոլորի իրավունքները։
Ոտնահարվում են իշխանությունների կողմից։
Իրավունքների ոտնահարումները իշխանությունների առանձին ներկայացուցիչների կողմից ընդունում են զավեշտալի դրսևորումներ։
Ինչպես օրինակ այս օրերին ՀՀԿ կարկառուններից Հակոբ Հ-ի, Խոսրով Հ-ի բարբաջանքները թանկացումների, աղքատների սննդակարգի, հաշմանդամության ու միայն կարտոֆիլով սնվող բնակչության սոցիալական վիճակի մասին։
Իհարկե, մարդու իրավունքների խախտման գագաթնակետը քաղաքական դատավարություններն են ու քաղբանտարկյալների առկայությունը։
ԵՄ - Հայաստան կնքված Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը լավ առիթ էր, որպեսզի եվրոպական կառույցները Հայաստանի իշխանություններից պահանջեին քաղբանտարկյալների ազատ արձակումն ու քաղաքական դատավարությունների դադարեցումը:
Ցավոք, դա չեղավ:
Հիմա, ինչպես նաև երեկ, մենք ենք պարտավոր այդ հարցը բարձրացնել և հասնել խնդրի լուծմանը:
Այդ նպատակով Հանուն Հայաստան Պետության ճակատը վաղը, ժամը 12 00-ին, Հայաստան պետության ու քաղբանտարկյալների ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հատկապես նրանց, ովքեր կողմ են ՀՀՊ ճակատի հռչակագրին ու ցանկանում են «գտնել միմյանց», հրավիրում է Ալեք Մանուկյան փողոցի վրա, ռադիոկոմիտեի կողքը (խաչմերուկի վրա) այդ թեմայով քննարկումների:
Մասնակցելու են բոլորին հայտնի իրավապաշտպաններ, փաստաբաններ:
Քննարկվելու է նաև Ճակատի կողմից ու մասնակիցների անունից համապատասխան միջազգային կառույցներին ուղղված փաստաթուղթը քաղբանտարկյալների մասին, որն այնուհետ կհանձնվի այդ կառույցների գրասենյակներ:
Կարծում եմ, որ վաղը շատերը կհիշեն 16-ի հունիսի 17-30-ը, Սասնա ծռերին, Հաց Բերողին, Շանթին ու ընկերներին, Հայկին ու Գևորգին, Կարոյին ու Անդրիասին, Սարի թաղի թառլան տղերքին ու կմասնակցեն այս միջոցառմանը նաև ԳՈՐԾՈՎ: Ոչ միայն ԽՈՍՔՈՎ»: