Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) և գլխավոր ընդդիմադիր «Հանրապետա-ժողովրդական» կուսակցության (CHP) միջև հնչող մեղադրանքները մտան այլ փուլ, այսպես ասած՝ ապացուցելու փուլ: CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչադորօղլուն լրատվամիջոցներին ցույց է տվել այն փաստաթղթերը, որոնք հաստատում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր շրջապատի օֆշորային գործունեությունը:
«Ինչ եք այն պահել ձեր ձեռքերում, տվեք այն դատարաններին: Գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, ով երկրի ապագայի համար ոչինչ չի արել, փորձում է երկիրը տանել անդունդի եզրով: Դուք պետք է դադարեցնեք այս մեղադրանքները»,- ասել է վարչապետ Բինալի Յըլդըրըրմը դեկտեմբերի 1-ին Ստամբուլում:
Էրդողանի եղբայրը՝ Մուստաֆա Էրդողանը, իր որդին՝ Ահմեդ Բուրակ Էրդողանը, իր եղբոր որդին՝ Զիյա Իգգենը, ազգակցական կապ ունեցող Օսման Քեթենչին և գործարար Մուստաֆա Գյունդողանը մեղադրվում են օֆշորային ընկերության միջոցով միլիոնավոր դոլարների յուրացման մեջ:
Ընդդիմադիր կուսակցությունը հրապարակել է բոլոր այն փաստաթղթերը, որոնք մանրամասնորեն հաստատում են օֆշորային այս սկանդալի իսկությունը: Թուրքական իշխանությունն արդեն սկսել է ընդդիմադիր կուսակցությանը մեղադրել ահաբեկչական կառույցների կողմից ֆինանսավորվելու և Թուրքիայի վարկը վնասելու մեջ:
«Ձեր ցուցադրած փաստաթղթերն ապացուցում են Ձեր մեղքը Թուրքիայի վարկը վնասելու մեջ: Փաստաթղթերը կեղծ են, դրանց բովանդակության իսկությունը պետք է հաստատի դատարանը, դրանք շինծու փաստաթղթեր են, և մեղադրանքներն՝ անհիմն ու քաղաքական»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
«Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը դեռևս չի պատրաստվում դիմել թուրքական դատարան, քանի որ գտնում է, որ թուրքական դատարանները չեն կարող լինել անաչառ, նրանք նույնիսկ կարող են «կորցնել» այդ փաստաթղթերը դատավարության ընթացքում: