Միգուցե առաջին հայացքից շատ պարզունակ թվա, բայց Հայաստանի՝ թուրք-ադրբեջանական տխրահռչակ շրջափակումը խաղաղ ճանապարհով հաղթահարելն արժե ընդամենը մոտ 3-4 միլիարդ դոլար, որովհետև հենց այդքան գումար է անհրաժեշտ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին և Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար:
Բազմաթիվ միլիոնատերեր, աշխարհում գրեթե տաս միլիոնանոց ներկայություն և շատ երկրներում ամենաբարձր մակարդակով կապեր ունեցող ազգի համար այս գումարը հայթայթելը և նպատակային տնօրինելը չպետք է, որ անլուծելի խնդիր լինի, սակայն հիմնական հարցն, ըստ իս, նախ բազմակողմ քննարկման արդյունքում հենց հիմնախնդրի հստակ ձևակերպման և ինչո՞ւ ոչ, թեկուզ պաթետիկ թվացող, սակայն համազգային մակարդակով ոգևորիչ բարձրաձայնման բացակայության մեջ է:
Մեծ գործերը պահանջում են նաև ոգևորիչ բանաձևումներ և դրանց իրականացման ուղղությամբ համառ կամքով և ջանասիրությամբ արվող հստակ քայլեր: Այս առուոմվ ուղղակի անհնար է պատկերացնել, որ, դիցուք, Պակիստանը երբևիցե կունենար միջուկային զենք, եթե ժամանակին Զուլֆիկար Ալի Բհուտտոն չհայտարարեր՝ «Մենք խոտ կարածենք, նույնիսկ սոված կմնանք, սակայն կստեղծենք մեր միջուկային ռումբը»: