Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցում նրա լծորդը հանդիսացող մի շարք երկրների կողմից Լիբանանի դեմ իրականացվող քայլերը, կարծես, հիշեցնում են եմենական, սիրիական, հատկապես կատարյան ճգնաժամերի սցենարները՝ բնականաբար պայմանավորված թիրախավորված երկրներում Ալ-Ռիադի ունեցած հնարավորություններով:
Նախ Ալ-Ռիադի ճնշման արդյունքում վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացնում Սաադ ալ-Հարիրիին.նման կերպ, բնականաբար, փորձ է արվում ներքաղաքական ճգնաժամ հրահրել Լիբանանում: Դրանից հետո գնահատում են լիբանանյան «Հիզբալլահ» շիայական կազմակերպության «ագրեսիվ գործողությունները»՝ որպես ընդդեմ Սաուդյան Արաբիայի վարվող քաղաքականություն, ապա նաև հայտարարում, որ Լիբանանը դիտարկում են՝ որպես Էր-Ռիադին պատերազմ հայտարարած պետություն: Սաուդական իշխանական վերնախավի նման հռետորաբանության պայմաններում կանխատեսելի էր Բահրեյինի ԱԳՆ-ի հայտարարությունը, որի միջոցով կոչ է արվում սեփական քաղաքացիներին՝ անմիջապես լքել Լիբանանի տարածքը, ինչպես նաև արգելվում է դեպի Լիբանան այցելությունները:
Ալ-Ռիադից Ալ-Հարիրին մեկնել է ԱՄԷ, հետևաբար սաուդցիներին աջակցող հայտարարություններ կարելի է ակնկալել նաև Աբու Դաբիից:
Իսկ ընդհանուր առմամբ, նաև Լիբանանի դեմ Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող վերջին քայլերը պետք է դիտարկել Ալ-Ռիադի՝ գրեթե տապալված հակաիրանական քաղաքականության տրամաբանության մեջ: Ըստ էության, չկարողանալով կանգնեցնել Իրանի դիրքերի ամրապնդման միտումները տարածաշրջանում, որոնք դեռևս առարկայանում են Եմենում, վերջնականապես ամրագրվում են Իրաքում՝ «Իսլամական պետության» դեմ հաղթանակի և քրդական անկախության հանրաքվեի տապալման արդյունքում, շարունակվում են Սիրիայում՝ կառավարական ուժերի և «Հիզբալլահի» կողմից բոլոր ճակատներում արձանագրված հաղթարշավով.հետևաբար, մնացել է շիայական շղթայի վերջին օղակը՝ Լիբանանը: