Մինչ Բաքվի բռնապետը Թեհրանում մասնակցում էր նախագահների մակարդակով եռակողմ Իրան-Ռուսաստան-Ադրբեջան հանդիպմանը, Ադրբեջանական Հանրապետության Գրողների միությունում ընդունում էին Իրանի Խուժաստան նահանգի արաբ անջատողականության գաղափարական առաջնորդներից Յուսեֆ Ազիզի Բանի-Թորոֆին, որը, ապաստան ստանալով Լոնդոնում, «ալ-Արաբիա» արբանյակային հեռուստաալիքով և դրա կայքի պարսկերեն տարբերակով պարբերաբար կոչ է անում մասնատել Իրանը՝ այն անվանելով «ահաբեկչական պետություն»:

 

Նշված գործիչը աչքի էր ընկել նաև այս տարի Թեհրանում «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչական գործողությանը սոցիալական ցանցերում տեղեկատվական աջակցություն տրամադրելով, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական ելույթների կապակցությամբ վերջինիս թվիթերյան էջում «Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ Թրամփ» գրառումներով հակաիրանական քարոզչական արշավ կազմակերպելով:

 

Այս առումով ուշագրավ է հիշել Իրանի ամենաազդեցիկ ռազմաքաղաքական և գաղափարական կառույցներից «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տեսակետներն արտահայտող լրատվական ռեսուրսների վերջին հրապարակումներից մեկն առ այն, որ Բաքվի կողմից Թեհրանի հետ հարաբերություններն իբր սերտացնելուն ուղղված քայլերը ոչ այլ ինչ են, քան խաբեություն: