Եվ այսպես՝ գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Սա չի նշանակում, որ Հայաստանի համար աշխարհի վերջն եկավ, բայց մտահոգությունների շատ լուրջ տեղիք է տալիս մեր երկրի հետագա իզոլացման ու տարածաշրջանային պրոցեսներից դուրս մնալու մասով, ինչպես նաև մեր ամուլության մասով։

Ի՞նչ է ստացվում։ Ադրբեջանցիներն, ովքեր մեզանից պակաս կոռումպացված պետության մեջ չեն ապրում, մեզանից պակաս չեն գողանում ու թալանում, ատկատների նկատմամբ էլ մեզանից ավելի անտարբեր չեն, այդուհանդերձ, կարողանում են միջազգային լրջագույն պրոյեկտ հղանալ ու կյանքի կոչել։ Ընդ որում՝ կարողանում են անել դա նույնիսկ այն պարագայում, երբ կա ևս երկու դերակատար՝ Թուրքիա ու Վրաստան։ Այս երկրներում էլ, վստահ եմ, ատելություն չեն տածում հեշտ փող աշխատելու տարբերակների նկատմամբ։ Այսքանով հանդերձ՝ երկաթուղին կառուցված է ու այսուհետև օբյեկտիվ իրականություն է։

Իսկ մենք ի՞նչ։ Մենք անգամ մի Հյուսիս-Հարավ չենք կարողանում կառուցել, և սա այն պարագայում, երբ ներգրավված երկրորդ ու երրորդ պետություններ չկան, ճանապարհը միայն մեր երկրի տարածքով է անցնում ու ունի նույնիսկ ավելի կենսական նշանակություն մեզ համար, քան երկաթուղին՝ Ադրբեջանի։ Բայց արի ու տես, որ չենք կարողանում ավարտին հասցնել, ու ըստ ամենայնի՝ նախագիծը տապալման եզրին է։ Ոմանք հիմա կսկսեն մեղադրել Բեգլարյանին, ոմանք՝ իսպանացիներին, ոմանք՝ «հանցավոր ռեժիմին», բայց ոչ մեկ չի փորձի տեսնել դառը իրականությունը․ փաստորեն՝ ադրբեջանցիներն ավելի շնորհքով ազգ են, քան հայերը, երբ բանը հասնում է պետական ու ազգային շահերին։ Չեմ ասում, որ գերմանացի են, բայց մեզանից շնորհքով են, որովհետև մերոնց նման անաստված չեն թալանում այն աստիճան, որ պրոյեկտը պարալիզացվի ու ձախողվի։

Դե, իսկ եթե ուզում եք լրիվ ամաչել մեր գաղջ իրականությունից, ծուլությունից ու ամուլությունից, ապա տեսեք, թե չինացիներն ինչ տեմպերով ու ինչքան արդյունավետ են աշխատում նույն Հյուսիս-Հարավի վրա։ Եվ ամենևին պատահական չէ, որ շինարարական աշխատանքներում ներգրավում են հնարավորինս մեծ թվով չինացի բանվորների․․․

Image may contain: 2 people, people sitting