Պատմական թաղամասի վերջին մոհիկանը.
Հին Երևանի այս հոյակերտ կառույցը ներկայումս շատ անխնամ և անմխիթար վիճակում է: Սա Պուշկինի փողոցի թիվ 38 շենքն է, երևանյան այս պատմական հատվածի թերևս միակ պահպանված շենքը՝ մեծահարուստ Առաքել Աֆրիկյանի առանձնատունը: Սև տուֆից երկհարկանի շենքը վեր խոյացավ 20-րդ դարի հենց սկզբին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով:
Շինության երկրորդ հարկի արտաքին հարդարանքը առանձնանում է իր արտահայտիչ զարդաքանդակներով և ավանդական պատշգամբներով, իսկ ահա շենքի ներսում մինչև այժմ էլ դեռ պահպանվել են ուշագրավ գեղարվեստական որմնանկարներ և յուրահատուկ դիզայնով արված պատի բարձրադիր վառարաններ: Աֆրիկյանի առանձնատունը հիմա շվարած կանգնած է բառացիորեն իրեն համար օտար մի միջավայրում՝ հարևանությամբ բարձրացող երկնաքերերի արանքում անօգնական սեղմված: Կամ գուցե ԴԵՌ կանգնած է, քանի որ այսօր արդեն Երևանի կենտրոնի կառուցապատման հետ կապված այլևս էլ ոչ մի բան մեզ չի զարմացնում:
Առանձնատան դիմացի մայթին ներկայումս շինարարական եռուզեռ է: Պահպանելով նախկին Արտակարգ իրավիճաների նախարարության շենքի ֆասադը՝ նրա ետնամասից մեծ թափով ընթանում է 18-հարկանի երկնաքերի շինարարություն: Այդ կառուցվող ահռելի շինության հարևանությամբ էլ, որտեղ Աֆրիկյանների քաղաքային ակումբի գեղեցկագույն շենքն էր և որը, չնայած երևանցիների բուռն բողոքների, մի քանի տարի առաջ քանդվեց՝ արդեն իսկ սկսվել է մեկ այլ երկնաքերի բարձրացումը: Կարծում եմ, դժվար չէ պատկերացնել, թե այսքանից հետո ինչ «գրավիչ» տեսք կունենա Երևանի պատմական Պուշկին-Տերյան խաչմերուկը:
Հիշեցնենք, որ Պուշկինի 38-ը Երևանի ամենանվիրական հասցեներից է: 2018-ի մայիսին լրանալու է Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը, և այս շենքն անպայման պետք է որ ներառված լիներ որպես պաշտոնական միջոցառումների անկացման վայր: 1918-1920 թթ. այս տանն է ապրել հայ մեծանուն զորավար, Սարդարապատի ճակատամարտի ընդհանուր հրամանատար Մովսես Սիլիկյանը, և հենց այս շենքի պատշգամբից էին երևանցիները 1918-ի մայիսի 21-ից մինչև 28-ը ընկած ժամանակահատվածը պարբերաբար տեղեկություններ ստանում հայ-թուրքական ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ: