Ադրբեջանում 2018թ.–ին ավելանալու են պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն ուղղված ծախսերը։ Այդ մասին հայտնում է Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։
2018թ.–ին պաշտպանության, ազգային անվտանգության, իրավապահ և դատական մարմինների համար նախատեսված ծախսերը կազմելու են 4068,3 միլիոն մանաթ, ինչը 5,2% ավել է 2017թ.–ի համեմատ։


2738,7 կամ 67,3% (+3,7%) ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, իսկ 1329,5 կամ 23,7% (+8,6%) իրավապահ և դատական համակարգին։


Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի շարունակական ու գիտակցված հրահրումը հանգեցնում է նրան, որ ՀՀ-ը ստիպված է լինում գնել նորանոր զենքեր' բյուջեի դեֆիցիտի, արտաքին մեծ պարտքի, տնտեսական ծանր վիճակի' բարելավման հեռանկարներ չկան, պայմաններում Երևանին մնում է միայն դիմել Բաքվին զենք վաճառելու համար հայ հասարակության շրջանում լայնորեն քննադատվող ՌԴ-ին' նոր վարկեր ստանալու և ռազմական բալանսը պահպանելու համար։


Մոսկվային այս իրավիճակը լիովին ձեռնտու է' շատ լավ տիրապետելով ՀՀ-ի տնտեսական առկա վիճակին, հեռանկարներին ու ներուժին ՌԴ–ը ռազմական վարկերի միջոցով մեծացնում է ՀՀ-ի ռազմատեխնիկական կախվածությունը Մոսկվայից, ինչն էլ բերելու է մոտակա տասնամյակների ընթացքում քաղաքական, աշխարհաքաղաքական միակողմանի կախվածության։


Այս իրավիճակը շտկելու համար ՀՀ–ը պետք է ունենա միջոցներ' կառուցի նորմալ տնտեսություն, տնտեսապես հզորանա, որպեսզի լրացուցիչ եկամուտներ հատկացնի սեփական ռազմական արդյունաբերության կառուցման համար' Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով ու մի շարք զինատեսակներում կամ գոնե արկերի մասով դառնա ինքնաբավ երկիր։


Դրան զուգահեռ Երևանը պետք է ռազմատեխնիկական նոր կապեր ստեղծի' կրկին ֆինանսներ ունենալու պարագայում, այլ երկրների հետ' դրանք կարող են լինել արտատարածաշրջանային'Չինաստան, Հնդկաստան, Արևելյան Եվրոպայի երկրներ, Լատինական Ամերիկա' այդտեղ ազդեցիկ հայ համայնքեր կան, իսկ ռազմական համագործակցությունը բխում է քաղաքական սերտ կապերից։

 

Արտյոմ Բալասանով