Ինչպես և սպասվում էր, երեկ տեղի ունեցավ ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպումը։ Արտառոց դեպքեր տեղի չունեցան, եթե չհաշվենք այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նորից քննադատեց ԱՊՀ կառույցը՝ համարելով, որ աշխատանքները տարվում են ոչ պատշաճ ու դինամիկ մակարդակով՝ այս անգամ քննադատության թիրախ դարձնելով ԱՊՀ միջխորհրդարանական հանձնաժողովը։
Պատճառը նույնն է՝ ոչ պրոդուկտիվ գործունեություն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Ռուսաստանի ներկայացրած ընտանիքի մասին օրինագծի՝ Հայաստանի հավանության մասին՝ ընդգծելով ամուր ընտանիքի վերաբերյալ Հայաստանի ունեցած հաստատակամ դիրքորոշման մասին։ Ենթադրվում էր, որ ինչ-որ ձևաչափով հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի միջև հանդիպման հնարավորությունը, որպես ԼՂՀ կարգավորման հարցում բանակցությունների վերսկսման անհրաժեշտություն, սակայն այն տեղի չի ունենա։
Նախօրեին Ադրբեջանի նախագահը Բաքվում հայտարարել էր, որ, ի հեճուկս Հայաստանի, բանակցությունները ԼՂՀ հարցում կշարունակվեն և առանց նախապայմանների՝ նկատի ունենալով Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված համաձայնությունները, որոնց կատարմանը ձգտում է հայկական կողմը։ Պաշտոնական Երևանը սա որակել է որպես սադրանք և զգուշացրել, որ Հայաստանը և ոչ մի պարագայում մտադիր չէ տուրք տալ Բաքվի ախորժակին ու չի հանդուրժի կամակոր պահվածք։ Դեռ հայտնի չէ նույնիսկ, թե կհանդիպի արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի կամ Ադրբեջանի նախագահների հետ, թե ոչ, սակայն, անկախ դրանից, պարզ է, որ այս փուլում ակնկալել բանակցություններում որևէ դրական տեղաշարժ, մեղմ ասած՝ միամտություն է։