Թուրքիայի նախագահը մեկնել է Իրան: Էրդողանի այցն Իրան տեղի է ունենում տարածաշրջանում ընթացող չափազանց կարևոր զարգացումների ֆոնին, Իրանի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են Կատարի, Սիրիայում անվտանգության հաստատման, ինչպես նաև Իրաքի Քրդստանում տեղի ունեցած հանրաքվեի հարցում:


Բացի տարածաշրջանային խնդիրներից՝ երկու երկրները չափազանց կարևորում են տնտեսական կապերը, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:


Թուրքիան Իրանի առևտրային 4-րդ գործընկերն է: 2015թ. Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալները կազմել են շուրջ 14 միլիարդ դոլար, 2016-ին նվազում է նկատվել՝ հասնելով 11 միլիարդի: Ինչպես Իրանը, այնպես էլ Թուրքիան նպատակ են դրել առևտրաշրջանառության ծավալները հասցնել 30 միլիարդ դոլարի:


Էրդողանի այցի ընթացքում տեղի կունենա Իրան-Թուրքիա ռազմավարական համատեղ խորհրդի նիստը, որի ընթացքում կստորագրվեն մի շարք համաձայնագրեր:

 

Արմեն Իսրայելյան