Քրդական պետության ստեղծումը և այդ տարածաշրջանը տասնամյակներ լարվածության մեջ պահելու նպատակը «միակ» պետութան՝ ընտրյալ ազգի անվտանգության ապահովումն է, որին այդպես նպատակասլաց հետամուտ են ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցները։ Փաստորեն, այդ պետությունները զոհաբերում են իրենց պետական շահերն ու եկամուտները հանուն «միակ» պետության ազգային անվտանգության շահերի։

 

Բնականաբար, հարգանքի արժանի չեն այդ երկրները, որոնց ղեկավարները ոչ թե ընտրվում են, այլ պարզապես նշանակվում են իրենց տերերի կողմից, թեև բոլորն էլ շարունակում են խոսել դեմոկրատիայից, մարդու իրավունքներից և այլն։ Սակայն հարգանքի է արժանի այդ՝ տարածքով և բնակչության քանակով հարյուրապատիկ անգամ փոքր երկրի ղեկավարությունը, որը կարողանում է այդքան խոշոր ու վտանգավոր խաղի մեջ մտնել իր պետության խաղաղ գոյակցությունն ապահովելու համար։

 

Հենց դա էլ քաղաքականություն է, այսինքն՝ նրանք կարողանում են առաջարկել, նրանք կարողանում են իրադրություններ և հանգամանքներ ստեղծել, որոնք էլ հասունանալով և զարգանալով մի հզոր շրջապտույտի մեջ են վերցնում շրջապատին, որի հզոր ալիքների մեջ անակնկալի եկած սուբյեկտները պարզապես ջրահեղձ են լինելու։ Իսկ թե որն է խաղաղության գինը, դա հիմնականում կախված է երկու երկրների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ինչպես մոտակա, այնպես էլ հեռակա նպատակներից։ Այս երկու երկրները բավականին լավ ուսումնասիրեցին միմյանց հնարավորությունները սիրիական պատերազմի ընթացքում՝ երկուսն էլ զարմանալով միմյանց հնարավորությունների վրա։

 

Այսօր Սիրիայի և Իրաքի անապատներում կանգնած նրանց բանակները նման են երկու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների, որոնք շարունակելով ուսումնասիրել միմյանց, ձգտելով գտնել միմյանց աքիլեսյան գարշապարները՝ ձգձգում են օր-օրի հասունացող բախումը, քանզի երկուստեք տեղյակ են, թե դա ինչ աղետաբեր հետևանքներ կարող է ունենալ։ Իսկ մեր երկիրը․․․ Մեր երկրի մասին նրանք չեն մտածում կամ առնվազն դադարել են մտածելուց, որովհետև մեր երկիրն իր ռազմական պոտենցիալով իրեն լիովին դուրս է մղել համաշխարհային քաղաքականությունից։