Կարծես թե անկախ Քուրդիստանի ստեղծման հեռանկարն անխուսափելի ու անկասելի է։ Համենայն դեպս, հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են և այս գործընթացը չեղարկելու համար կամ խոշորագույն ռազմական ինտերվենցիա է պետք, կամ էլ այլ աննախադեպ քաղաքական միջոց։ Սակայն անգամ նման զարգացումների պարագայում, կարծում եմ՝ Քուրդիստան պետություն ունենալու հավանականությունը անչափ մեծ է, բայց ի՞նչ է դա նշանակում աշխարհի ու մասնավորպես մեր՝ հայերիս համար։
Նախ, պետք է մի քիչ հեռանալ մատուցվող քարոզչական կերպարից, համաձայն որի կա 60 միլիոնանոց քուրդ ժողովուրդ։ Իրականությունը նման է 10 միլիոնանոց հայ ժողովրդի մասին միֆին․ այո՛, աշխարհում կա մոտ 60 միլիոն մարդ, ով էթնիկապես քուրդ է/քրդական ծագում ունի, բայց ընկալել նրանց, որպես մեկ միասնական մարմին հնարավոր է զուտ գենետիկական-ազգագրագան կոնտեքստում, իսկ երբ բանը հասնում է ինքնանույնականացմանն ու առավել ևս՝ քաղաքականությանը, ապա ոչ մի միատարրության մասին խոսք լինել չի կարող։
Պայմանականորեն կարելի է քրդերին բաժանել 3 խոշոր ու բազմաթիվ մանր ազգերի/ժողովրդենրի, որոնք ոչ միայն բոլոր արցերում չեն միատտար ու սոլիդ, այլև որոշ դեպքերում տրամագծորեն տարբեր մոտեցումներ ունեն և նույնիսկ թշնամաբար են իրար վերաբերվում։ Օրինակ՝ նույն Հյուսիսային Իրաքում անկախացող մահմեդական քրդերը պարբերաբար ցեղասպանության են ենթարկում եզդիներին, որոնք ևս քրդեր են ու տարբերվում են միայն կրոնական մասով։
Հասկանալի չէ նաև Թուրքիայի, Սիրիայի, Իրանի քրդերի դիրքորոշումը՝ Իրաքի քրդերի բռնած գործի հարցում։ Տո հենց Իրաքի քրդերի մասով էլ միատարրություն չկա։ Ոչ թե անկախանալ չեն ուզում, այլ կա մի զանգված, որ կարծում է, որ դեռ պատրաստ չեն ու հիմա սխալ պատմական պահ է՝ նման դարակազմիկ որոշման համար, որը կարող է բերել ինչպես սեփական բաղձալի պետականության, այնպես էլ՝ կործանման։ Օրինակ՝ Թուրքիան, որ արդեն հայտարարել է, որ զորք կմտցնի ու համապատասխան թույլատվություն էլ ստացել է պառլամենտից։ Թուրքիայից բացի մեծ էնտուզիազմ չի տիրում նաև Իրանում, Իրաքում ու Սիրիայում։ Մյուս բանը, որ միանշանակ է այս հարցում այն է, որ քրդերից շատ քրդական պետություն ունենալու հարցում քրդերից շատ հետաքրքրված է Իսրայելը։ Ի դեպ, հենց հրեական լոբբիի ջանքերով էր, որ ժամանակին ԱՄՆ-ը հայտարարեց Ազատ Քուրդիստանի տեսլականի մասին ու զորակցեց քրդերին։
Ինչ վերաբերում է մեզ, ապա իրականում շատ բան հենց մեզանից է կախված։ Եթե Քուրդիստան ստեղծվի ու կայանա, ապա այն կարող է մեզ համար լինել ինչպես դաշնակից, այնպես էլ նոր ու լրջագույն ռիսկ՝ շատ ավելի վտանգավոր, քան Ադրբեջանն է։ Ողջ հարցը կայանում է նրանում, թե ինչ քաղաքական-դիվանագիտական մատույցներից կմոտենանք հարցին։ Մի կողմից, ներկայումս քրդերի հիմնական ու բնական թշնամին Թուրքիան է ու կարելի է «թշնամուս թշնամին ընկերս է» հայեցակարգը որդեգրել։
Մյուս կողմից, չի կարելի մոռանալ, որ քրդական ամբիցիաներում ու տեսլականներում մեկընդմիշտ բացառվում է Արևմտյան Հայաստանի ու Նախիջևանի «վերահայաֆիկացումը»։ Ասել է թե, եթե ուզում ենք քրդերի հետ լավ լինենք, ապա պետք է մոռանալ Մասիս սարի մասին էլ, Էրզրում-Վանի մասին էլ, Նախիջևանի մասին էլ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու հնարավորութուններով։
Դե իսկ եթե չենք ուզում ու այդ ամենն ավելի կարևոր է, ապա պետք է գիտակցենք, որ մեր այդ դիրքորոշմամբ մենք միանում ենք այն երկրկների ցանկին, որոնք Ազատ Քուրդիստանի բարեկամները չեն (Թուրքիային, Սիրիային, Իրաքին, Իրանին, Ադրբեջանին)' դրանից բխող բոլոր հետևանքներով ու հնարավորություններով։