Իրանի նախագահ Հասան Ռուհանին ՄԱԿ-ում հետաքրքիր և կառուցողական ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ինչպես տարածաշրջանային խնդիրներին, այնպես էլ Իրանի տնտեսության թռիչքաձև զարգացման հեռանկարին, Իրանում առկա մշակութային և կրոնական բազմազանությանը' հատկապես շեշտելով քրիստոնյա հայերի ներկայությունն Իրանում։
Ռուհանին, արձագանքելով ժամանակ առ ժամանակ իր մրցակիցների այն մեղադրանքներին, թե ԻԻՀ-ն մտադիր է վերականգնել իրանական կայսրությունն ու մեծացնել շիիզմի դերակատարությունը, բավականին ուշագրավ պատասխան է տվել՝ շեշտելով, որ իրանցիներն իրանական քաղաքակրթության ներքո գտնվող տարածքները «նվաճել» են Սաադի միջոցով, ավելին, Իրանը ողջ աշխարհն է նվաճել Հաֆեզի միջոցով, հետևաբար նվաճումների կարիք Իրանն այլևս չունի։
Ռուհանին բավականին կոռեկտ է արտահայտվել նաև Թրամփի ելույթին՝ համոզմունք հայտնելով, որ Վաշինգտոնը նման վարքագծով սպառում է Միացյալ Նահանգների վստահության այն պաշարը, որն ունի աշխարհում։
Անդրադառնալով միջուկային համաձայնությանը՝ Ռուհանին վստահեցրել է, որ Իրանն առաջին երկիրը չի լինի, որը կխախտի միջուկային համաձայնությունը։

 

Արմեն Իսրաելյան