Սերժ Սարգսյանի երեկվա ելույթում չափազանց կարևոր նորություն կար։ Այն վերաբերվում էր մի թեզի, որի մասին մշտապես խորհել և խոսել եմ։ Դա խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցության ակտիվացման հարցն է։ Դա Հայաստանի բանակի մարտունակությունը բարձր պահելու անհրաժեշտ նախապայման եմ համարում։ Չմոռանանք, որ խաղաղապահ առաքելություններում մեր մասնակցությունը ռազմական համագործակցության հիմնական շրջանակներից մեկն է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի հետ։ Այս առումով խնդիրը նաև արտաքին քաղաքական դիվիդենտ ունի։
Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստվում է ավելացնել UNIFIL և MINUSMA առաքելություններում իր մասնակցությունը, չափազանց կարևոր է։ Միաժամանակ, Հայաստանի մասնակցությունը Սիրիայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը (հավանաբար UNMIS), Հայաստանի համար ունենալու է աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն։ Դա ազդեցիկ է դարձնելու Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում, իսկ սիրիահայ համայնքի համար էլ ապահովության յուրահատուկ երաշխիք և հոգեբանական աջակցություն է լինելու։
Հետևաբար, Սարգսյանի ելույթը համարում եմ Հայաստանի ռազմական դիվանագիտության ակտիվացման հերթական ինդիկատոր։ Կարծում եմ սա պաշտպանության նախկին և ներկա նախարարներ՝ Սարգսյանների համատեղ գաղափարն է։ Սա լավ հաշվարկած ռազմադիվանագիտական դասական քայլ է, երբ ռիսկերը քիչ են, դիվիդենտները՝ շատ։
Սուրեն Սարգսյան