Իրանի նախագահ Հասան Ռուհանին կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 72-րդ նստաշրջանին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ռուհանիի նյույորքյան այցը կլինի կարճատև, բայց հագեցած:

 


Իրանի նախագահները ՄԱԿ-ի ամբիոնը լավագույնս օգտագործել են ԻԻՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները ներկայացնելու և միջազգային հանրության առջև նոր առաջարկություններով հանդես գալու համար, ինչպես նաև նմանատիպ միջազգային կարևորագույն համաժողը հարմար առիթ է ընձեռել, որպեսզի Իրանի նախագահները ոչ պաշտոնական հանդիպումներ ունենան հակառակորդ երկրների ղեկավարների հետ:
Նյու Յորքում էր, որ իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ 2013թ. սեպտեմբերին տեղի ունեցավ Իրանի և Միացյալ Նահանգների նախագահներ Հասան Ռուհանիի և Բարաք Օբամայի պատմական հեռախոսազրույցը, որն էլ ի վերջո հանգեցրեց միջուկային համաձայնության:

 


Հաշվի առնելով Իրանի և Միացյալ Նահանգների միջև առաջացած լարվածությունը և միջուկային համաձայնության կատարմանը սպառնացող վտանգները՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանը կարող է Իրանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները ճշտելու, առկա լարվածությունը թուլացնելու հնարավորություն ընձեռել: