Իրաքի հյուսիսի Քրդստանի ինքնավարության անկախության հանրաքվեի շուրջ զարգացումներում մեկ այլ կարևոր հանգամանք, որի վրա գրեթե ուշադրություն չի դարձվում, վերաբերում է, որքան էլ պարադոքսալ թվա, հենց անկախության հռչակմանը:
Բան այն է, որ անկախության հանրաքվեի անցկացումը դեռևս ամենևին չի նշանակում անկախության հռչակում, քանի որ հանրաքվեն կարող է միայն հիմք լինել անկախության հետագա գործընթացի կամ դրա վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:

 


Եթե նույնիսկ անկախության հանրաքվեն անցկացվի, ապա հաշվի առնելով թե՛ ներքրդական, թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային իրավիճակը, դժվար է ենթադրել , որ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը սրընթաց քայլերով կգնա դեպի անկախության հռչակում:


Ավելի հավանական է թվում երկարատև և ինչ-որ առումով հյուծիչ բանակցային փուլի մեկնարկը մի կողմից Բաղդադի և այլ խաղացողների, իսկ մյուսից՝ Էրբիլի միջև, որի արդյունքում քրդական կողմը ձգտելու է «անկախության» ավելի ուժեղ խաղաքարտի առկայության պայմաններում ստանալ լրացուցիչ զիջումներ բազմաթիվ այլ ոլորտներում, բայց առայժմ՝ ոչ դե յուրե անկախություն:

 

Վարդան Ոսկանյան