Թուրքական SABAH թերթի ձեռքում է հայտնվել ԱՄՆ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Յուսուֆ Ութեյբեյի և ամերիկայն New York Times-ի լրագրողներից մեկի նամակագրությունը, որում արաբ դիվանագետն իր հակակրանքն է հայտնում Թուրքիայի նկատմամբ և բացահայտում ՄԱԷ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող անտագոնիզմը։ Ըստ թուրքական պարբերականի՝ Ութեյբեն բավական ուժեղ դիրքեր ունի Աբու Դաբիում և մեծ է նրա դերակատարությունը քաթարյան ճգնաժամում։ Նա բավական սերտ կապեր ունի նաև Էր Ռիադում։ Ըստ տեղեկությունների՝ Յուսուֆ Ութեյբեն նաև սերտ կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջերարդ Քուշների հետ, ով հայտնի է իր բավական ակտիվ իսրայելամետ լոբբիստական գործունեությամբ։
Յուսուֆ Ութեյբեն ամերիկյան լրագրողին խորհուրդ է տալիս ավելի շատ հակաթուրքական հոդվածներով հանդես գալ, քանի որ ամերիկացիների մեծ մասը տեղյակ չեն Անկարայում տեղի ունեցող գործընթացներից։ «Երկարաժամկետ հեռանկարում, Թուրքիան սպառնալիք է մեզ համար»,- ասել է դեսպանը։
Հիշեցնեմ, որ Յուսուֆ Ութեյբեն մայիս ամսին ևս աչքի էր ընկել իր հակաթուրքական հայտարարություններով։ Այդ ժամանակ, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլերը, ՄԱԷ-ի դեսպանը Վաշինգտոնում հայտարարել էր. «Նա հասկանում է միայն ուժի լեզուն»։
Այս նամակագրության՝ այս պահին ի հայտ գալը պատահական չէ։ Էր Ռիադը և Աբու Դաբին սարսափելի դժգոհ են Էրդողանի քաթարյան քաղաքականությունից, ով, օգտվելով արաբական աշխարհում տեղի ունեցած պառակտումից, փորձում է ուժեղացնել իր դիրքերը Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում։ Սաուդյան Արաբիան և ՄԱԷ-ն դեռ այսպիսի լրատվական արտահոսքերի միջոցով են հասկացնում Անկարային վերջ տալ իր էքսպանսիոնիստական քաղաքականությանը։
Քաթարյան ճգնաժամը Թուրքիայի բռնապետի կողմից օգտագործվեց նեոօսմանական քաղաքականությունն առաջ տանելու նպատակով։ Շատ կարճ ժամանակահատվածում Թուրքիան Քաթարում 3-4 հազարանոց բանակ տեղակայեց և զորավարժություններ է անում Սաուդյան Արաբիայի սահմանին։
Ինչպես ասում են. «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»։ Պաշտոնական Երևանը հնարավորինս պետք է օգտագործի արաբական աշխարհում գլուխ բարձրացրած հակաթուրքակյան ալիքը։