Իրան-Հայաստան, պատմական գործընկերներ
Տարածաշրջանի հարցերով իրանցի վերլուծաբան, հայտնի լրագրող Էհսան Հուշմանդը, որն օրերս ՀՀ Նախագահի հետ հարցազրույց անցկացնելու նպատակով այցելել էր Հայաստան, իրանական «Շարղ» օրաթերթում հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություն է գրել:
Իրանցի լրագրողը, անդրադառնալով հայ-իրանական պատմական հարաբերություններին, նկատել է, որ Իրանի հարևան երկրների միջև շատ քիչ երկրների կարելի է առանձնացնել, որոնք Իրանի նկատմամբ ունեն բարիդրացիական և անկեղծ հարաբերություններ, ինչպիսիք նկատելի է Իրան-Հայաստան հարաբերություններում:
Էհսան Հուշմանդը նկատել է, որ Իրանի և միակ քրիստոնյա հարևան Հայաստանի միջև երբեք լարվածություն չի առաջացել, երկու երկրներն իրենց հարաբերությունները խորացրել են կառուցողական մթնոլորտում:
«Անցած տասնամյակների ընթացքում երկու երկրներում որոշում կայացնող որևէ պաշտոնյա, քաղաքական գործիչ չի կատարել այնպիսի քայլ, որը կհակասեր Իրանի և Հայաստանի շահերին: Երկու երկրները երբե՛ք թույլ չեն տվել, որպեսզի այլ ուժերը վնաս հասցնեն Իրանի և Հայաստանի շահերին»,-նկատել է Հուշմանդը:
Իրանցի լրագրողը, ակնարկելով պետական մակարդակով Ադրբեջանի իրականացրած հակաիրանական քայլերը, նշել է, որ ի տարբերություն տարածաշրջանի շատ երկրների՝ Հայաստանում առկա է մամուլի ազատություն, լրատվամիջոցներն ու լրագրողներն իրենց գործունեության մեջ որևէ սահմանափակում չունեն, և այդ հանգամանքներում նկատելի է, որ հայ հասարակության, քաղաքական, մշակութային և գիտական շրջանակներում Իրանի նկատմամբ գերիշխում է դրական վերաբերմունքը:
Վերջում Էհսան Հուշմանդն անդրադարձել է նաև Իրանի և Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարին՝ կարևորելով Հայաստանի տարածքով իրանական գազը Եվրոպա արտահանումը: Իրանցի փորձագետը միևնույն ժամանակ իրանցի ներդրողների ուշադրությունն է հրավիրել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վրա՝ շեշտելով դրա կարևորությունը երկու երկրների պետական շահերի տեսանկյունից:
Արմեն Իսրայելյան