Վերջին օրերին շատ են խոսում կրթության մասին: Նաև շատ ասվեց, որ «բուհերում չեն սովորում»: Մինչդեռ պետք է մի ճշտում անել. ոչ թե «բուհերում չեն սովորում», այլ «բուհերում էլ չեն սովորում»:
Մեր ուսանողները լավ չեն սովորում ոչ թե որովհետև բուհերը լավը չեն (դա ամենափոքր պատճառն է, քանի որ կրթական գործընթացը չի սահմանափակվում բուհով, կան գրադարաններ, համացանց և այլն), այլ որովհետև մինչև բուհ ընդունվելն էլ նորմալ չեն սովորում:
Ուսանողները լավ չեն սովորում, որովհետև սովորելու սովորություն ձեռք չեն բերում մինչև բուհ հասնելը:
Ուսանողները լավ չեն սովորում նաև այն պատճառով, որ այն միջավայրը, որում նրանք ապրում են՝ Հայաստանի սոցիալ-մշակութային պայմանները, բացարձակապես չի ենթադրում գիտելիքի ձեռքբերում գիրք կարդալու միջոցով: Մեր կյանքի մշակույթն է ասում, որ երեխաներին ինչ անհրաժեշտ է, փոխանցվում է ընտանիքում, մնացածը պարտադիր չէ:
Իհարկե, դա վերաբերում է ճնշող մեծամասնությանը, որը չի սովորում, չի զարգանում, չի զբաղվում ինքնաճանաչողությամբ և աշխարհի իմացությամբ:
Նրանց կողքը կան սովորող և ստեղծագործող հրաշք ուսանողներ, քանակապես շատ քիչ, բայց այս փոքր երկրին այդքանն էլ է հերիք:
Մովսես Դեմիրճյան