Երեկ ամենահայամետ կոնգրեսականներից մեկը՝ Բերդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ ներկայացնելու նախագիծը։ Մեծ հաշվով, սա ուշ թե շուտ պետք է տեղի ունենար, ուղղակի ժամանակի հարց էր, որովհետև Թրամփի վարած քաղաքականությունն ու, առհասարակ, ամերիկյան քաղաքական ուղեծիրը նրա ընտրվելուց հետո տարբեր ուղղություններով են գնում։ Համբերության վերջին բաժակն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներին դեմ արտահայտվելն էր, ինչին, ի դեպ, կողմ քվեարկեց Սենատը։

 

Թրամփը Պուտինի հետ հարաբերությունների ֆունդամենտալ փոփոխություն է ակնկալում, ինչը դուր չի գալիս ոչ միայն Ամերիկայի՝ այս պահին ընդդիմություն հանդիսացող դեմոկրատներին, այլ նաև հենց էլիտայի որոշակի շրջանակների։ Եթե իմպիչմենտի նախագիծը քննարկվի Ներկայացուցիչների պալատում, ապա, ամենայն հավանականությամբ, այն կհասնի Սենատ, իսկ այնտեղ ահա կարող է գրանցվել աշխարհում առաջին դեպքը, երբ ԱՄՆ նախագահն իմպիչմենտի արդյունքում հրաժարական է տալիս։

 

Միայն ռուսներով, իհարկե, այս գործընթացը պետք չէ պայմանավորել։ Խնդիրն այն է, որ Թրամփն աստիճանաբար կյանքի է կոչում ԱՄՆ-ն աշխարհից մեկուսացնելու իր ծրագիրը։ Սա մի բան է, որ դուր գալ չի կարող թե՛ դեմոկրատներին ու թե՛ հանրապետականներին։