Վաղը Վիեննայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին տարբեր կարծիքներ հնչեցին: Ստեղծված իրավիճակում, բնական է, նման հանդիպումները միջազգային դիավանագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում են լինում: Հայկական կողմը հանդիպումից առաջ օրենսդիր մարմնի համապատասխան հանժնաժողովի ղեկավարի մակարդակով որոշակի մեկնաբանություններ է տվել:
«Որքա՞ն կարելի է հանդուրժել, մեղմ ասած, անպատասխանատու եւ արկածախնդիր պահվածքն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է մարդկային զոհերով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը հիշեցրել է, որ միջնորդ կազմակերպություններն ունեն պարտավորություն' սեփական քաղաքական դեմքը փրկելու, որովհետև անհնար է դիմանալ, չտեսնելու տալ Ալիևի ռեժիմի կողմից տարվող այս արկածախնդրությունը, որը ոչ միայն միտված է Հայաստանի եւ Արցախի ժողովրդի դեմ, այլ նաեւ հարվածում է միջազգային հեղինակավոր կառույցի վստահելիությանն ու արժանահավատ չի դարձնում այդ կառույցի միջազգային կշիռը, ինչը եւ ՀՀ-ի եւ ՄԽ համանախագահների համար կարեւոր հարց է:
Այսպիսով հայկական կողմը հանդիպումից առաջ ցույց է տալիս, որ կոնկրետ տրամադարվածություն ունի : Մարդկային զոհերի ֆոնին հավասարության նշան դնող ու լղոզված հայտարարություններն իրոք պատիվ չեն բերում նման միջազգային հեղինակավոր կառույցներին: Ուշ թե շուտ պետք է գիտակցել, որ ալիևյան ռեժիմի մարդասպան քաղաքականությունը տարածաշրջանը հեռվացնում է եվրոպական արժեքներից և պրոպագանդում է միջնադարյան կենսակերպ: