Սիրիացի նկարիչ Աբդալլա Ալ Օմարին նկարների նոր շարք է սկսել՝ համաշխարհային առաջնորդներին պատկերում է փախստականների տեսքով։
Նրա արած նկարներից մեկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացված է որպես տանջված, հոգնած փախստական, ով ուսին իր քնապարկն է պահում, իսկ գրկում էլ մանկահասակ երեխա է։ Օմարիի նկարները գտնվում են Դուբայում և ներկայացված են ցուցահանդեսի։ Նկարների թվում են նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և այլոք։
«Ինձ ներշնչել էր իմ սեփական փորձը և այն զայրույթը, որ ինչպես մյուս սիրիացի փախստականները, ես նույնպես զգացել եմ գաղթի ճանապարհին: Վաղուց էի ցանկանում պատկերացնել, թե ինչ տեսք կունենային այդ ենթադրյալ վառ անհատականությունները, եթե հանկարծ իրենք էլ փախստականների կոշիկներում հայտնվեին»,- նշել է Աբդալլա Ալ Օմարին:
Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով Օմարին 2011 թականին լքել է Սիրիան և ապաստան ստացել Բելգիայում։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2011 թվականից ի վեր Սիրիայում 5 միլիոնից ավելի մարդ փախստական է դարձել։ Նրանց թվում կան բազմաթիվ երեխաներ, որոնցից շատերը տարբեր ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների պատճառով կա՛մ մահանում են, կա՛մ էլ ինքնասպանության դիմում։
Այս տարվա ապրիլին Թրամփի հրամանով հրթիռներ արձակվեցին Սիրիայի վրա՝ ի պատասխան նախագահ Բաշշար ալ-Ասադի կողմից կիրառած քիմիական զենքին։
«Ինքս ինձ հարկադրված էի զգում՝ իմ նկարներում ներառելու համաշխարհային այն ղեկավարներին, ովքեր թեկուզ մասամբ, բայց պատասխանատու են Սիրիայի խաղաղ բնակչության զանգվածային տեղափոխության համար։ Ցանկանում եմ այսպես իմ մեսիջն ուղարկել նրանց։ Միգուցե այս նկարները տեսնելուց հետո երբ իրենց հայելու մեջ նայեն, զգան, թե ինչքան խոցելի են այդ անմեղ մարդիկ»,- ավարտել է Աբդալլա Ալ Օմարին։