Շարլ Ազնավուրը մի փայլուն առաջարկություն է արել․ փոխել ՀՀ օրհներգը ու դարձնել նորը «Քեզ համար, Հայաստա՛ն» փայլուն երգը։ Ազնավուրը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» առանձնապես ոչինչի չի ասում։ Ազնավուրը դեռ մի բան էլ մեղմ է բնութագրում, որովհետև մեր ներկայիս հիմնը վստահաբար շոյում է թերևս միայն մեր միջի սադո-մազոխիստական նկրտումները և որքան էլ «թշվառ-անտեր»-ը փոխարինես «ազատ-անկախ»-ով, իսկ «մեր թշնամուց ոտնակոխ»-ը՝ «որ ապրել ես դարեդար»-ով, այդ զգացողությունը միայն սրվում է։

 


Օրհներգը պետք է լինի վեհ ու վերելքային զգացողություններ պարգևող, ոչ թե մելանխոլիկ ու կարկատաններով։ Պարզապես 91 թվականին հրատապ պետք էր մի բանով փոխարինել Արամ Խաչատրյանի երաժշտությամբ ՀՍԽՍ հիմնը, որոշում կայացնողներն էլ ափալ-թափալի մեջ ընտրեցին Նալբանդյանի ռեբրենդինգ արած ոտանավորը ու պարզունակ մեղեդին։
Հիմա 91 թիվը չէ, «Pour toi Armenie»-ի փայլուն թարգմանություն էլ կա, որը լսելիս մտքովդ էլ չի անցնի, որ 88-ի երկրաշարժի հիշատակին է գրված։ Էլ չխոսենք այն մասին, որ օրիգինալ ֆրանսերեն խոսքերով երգել են այնպիսի մեգաաստղեր, ինչպիսիք են նույն Ազնավուրը, Միրեյ Մատյեն ու Պատրիսիա Կաասը :)

 


Մի խոսքով, եթե հայերենը չեք լսել դեռ, ապա անպայման խորհուրդ եմ տալիս անել դա ու պատկերացրե՛ք, որ դա լսում եք ասենք՝ մարզադաշտում, կամ էլ՝ զորամասի շարահրապարակում։ Հետո համեմատեք զգացողությունները «Մեր հայրենիքի» հետ․․․
Համեմատեցի՞ք։ Կարիք չկա, չէ՞, բացատրելու, թե ինչ աչք ծակող կոնտրաստ է՝ հօգուտ «Քեզ համար, Հայաստա՛ն»-ի :)

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան