«Եվրատեսիլ»-ից հետո, մինչ համայն ազգը սպասում է, թե ինչպես մեր կազմակերպիչները կբացատրեն ժողովրդին այս աննախադեպ ձախողումը, եվրատեսիլյան մեր ներկայացուցիչները խրախճանք են ապրում ու չգիտես ինչ են ուզում ասել հասարակության հանդեպ իրենց այս արհամարհական պահվածքով: Մասնավորապես՝ Գոհար Գասպարյանը, ով մրցույթից առաջ ժամը մեկ ստատուս էր գրում իր ֆեյսբուքյան էջում և քարոզում ակտիվ քվեարկել իր պատվիրակի օգտին, մրցույթից հետո երկօրյա քար լռությունից հետո գրառում է անում, որտեղ շնորհավորում է իր ընկերուհուն՝ կայացած համերգի առթիվ:

02014

Ուրիշ ոչինչ չունե՞ք ասելու, հարգելի Գոհար Գասպարյան: Կոնկրետ ինձ շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ Դուք՝ որպես պատվիրակության ղեկավար, մրցույթի օրը Երևանում էիք և ոչ թե Արծվիկի հետ, ով, հերիք չէ, անգլերեն մի բառ անգամ չգիտի, հայերեն էլ խոսում է «մի կերպ էշը ցեխից հանելով» և իր օգտին քվեարկողներին շնորհակալություն ասելու փոխարեն շնորհավորում է: Կամ եթե Դուք ի վիճակի չէիք մեկնելու Կիև ինչ-ինչ պատճառներով, ապա չէ՞ր կարելի Արծվիկի հետ ներկայանալի մեկին որպես պրոդյուսեր ուղարկել, օրինակ՝ Եսայի Ալթունյանին, ով, ի դեպ, անհասկանալիորեն բացակայում էր ողջ այս պրոցեսից: Բայց չէ՞ որ հենց նա էր Արծվիկի պրոդյուսերը «Դեպի Եվրատեսիլ» նախագծում:

Իսկ ինչո՞վ է զբաղված Արծվիկը: Պարզվում է՝ Արծվիկն էլ այս պահին իրեն շատ երջանիկ է զգում, որովհետև իրականացել է իր կյանքի մեծագույն երազանքը, և նա մասնակցել է «Եվրատեսիլ»-ին:

18492592_1426952414035993_1046141803_n

Ու ոչինչ, որ դա արվել է մի ողջ հեռուստալսարանի հիասթափության հաշվին, մի ողջ ժողովրդի սպասելիքների հաշվին, վերջիվերջո՝ ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ… Դու շնորհակալ ես նրանց, ովքեր իրականություն են դարձրել քո երազանքը, իսկ ես մեղադրում եմ նրանց, ովքեր արել են դա, որովհետև քո երազանքի փոխարեն այդ գումարներով կարելի էր առնվազն մի քանի հազար հայ անապահով ընտանիքի սոված երեխայի երազանք իրականացնել ու օրվա հացով ապահովել, որովհետև քո երազանքի փոխարեն կարելի էր իրականացնել մի քանի հազար հայ զինվորի ծնողի երազանք և զորամաս այց կազմակերպել, որովհետև հայրենիքից հեռու կերտած քո ամբիցիոզ երազանքները պարտավոր չեմ ֆինանսավորել ես, նա, մյուսը, այն պարզ պատճառով, որ ես էլ, նա էլ, մյուսն էլ ունենք ավելի մարդկային երազանքներ, օրինակ, նույն «Եվրատեսիլ»-ը ներկայացնող հեռուստաալիքի «Եթե բոլորը» հաղորդման երեխաներից մի քանիսի վիրահատությունը վճարել՝ մարդկանց ամենանուրբ հույզերի հաշվին ամեն ուրբաթ եթերից գումար մուրալու փոխարեն:

Շնորհակալ ես, Արծվիկ, բայց ասեմ, որ անտեղի, որովհետև գողացածի համար շնորհակալություն չեն ասում, իսկ դու գողացել ես մեզանից տոնի զգացողությունը, երբ համաձայնեցիր անարդար, կեղծ ու շինծու ճանապարհով «Եվրատեսիլ» մեկնել՝ քաջ իմանալով, որ «Դեպի Եվրատեսիլում» դու չէ, որ հաղթել էիր: Արհամարհելով ժողովրդի կարծիքը՝ չէի՞ք մտածում, որ նույնը բումերանգի պես ձեզ է վերադառնալու, հարգելի եվրատեսիլյան հայ կազմակերպիչներ։ Դե ուրեմն՝ վայելեք հայկական սփյուռքի, հայ ժողովրդի պատասխան ապտակը այդ արհամարհանքին, ապտակ, որն ունի «58 միավորի» տեսք, որ ստացել ենք 42 երկրից (ժյուրիինը չեմ հաշվում, այդտեղ հայերը չեն քվեարկում):