Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը OIC Journal պարբերականում հրապարակված հոդվածում, որպես դաշնակցային հարաբերությունների վառ օրինակ բերել է Բաքվի հարաբերությունները Պակիստանի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի հետ։

 


Հետաքրքիր է, որ շիական Ադրբեջանը ռազմավարական, ռազմա–տեխնիկական սերտ կապեր է հաստատել սուննիական «եռյակի» հետ'սահմանակցելով շիական ամենահզոր երկրի'Իրանի հետ։ Ադրբեջանա–իրանական տնտեսական հարաբերությունները զարգանում են, սակայն Ալիևը թվարկելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցներին չի նշել Իրանին'հաշվի առնելով Թեհրանի դիրքորոշումը թե ղարաբաղյան հարցում, թե ՀՀ –ի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանման պատճառով'անգամ ամենածանր 1990-ական թթ.–ին։
Ալիևը թվարկելով Ադրբեջանի դաշնակիցների թվում այնպիսի երկրների, ինչպիսիք են Պակիստանն ու Սաուդյան Արաբիան նախանշել է Բաքվի արտաքին քաղաքականության նոր ուղենիշները'Իսլամաբադը կարող է դառնալ Իսրայելին հավասարազոր ռազմա–տեխնիկական դաշնակից Բաքվի համար'մատակարարելով հրթիռային համակարգեր, կործանիչներ, այլ զրահատեխնիկա և տեխնոլոգիաներ։

 


Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի վրա՝համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում՝դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց:
Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

 


Հիշեցնենք, որ պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը հայտարարել էր, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:Ըստ նրա, JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով: Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:

 


Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը չի բացառել նաև Բաքվին որոշակի տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը՝դա կարող է կապված լինել այդ կործանիչների տեխսպասարկման ու հրթիռային տեխնոլոգիաների հետ: Այսպիսով, Պակիստանը կարող է դառնալ «երկրորդ Իսրայելը» Բաքվի համար՝ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով: Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Ինչ վերաբերվում է Սաուդյան Արաբիայի հետ կապերին, ապա Բաքուն վերջերս ակտիվացնում է նաև Սաուդյան Արաբիայի հետ ռազմավարական կապեր հաստատելու ուղենիշը։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը վերջերս ընդունել էր Բաքվում Սաուդյան Արաբիայի դեսպան Մեսսադ Իբրահիմ Ալ–Սուլաիմին։

 


Կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և բնական պաշարների նախարար Հալիդ Ալ Ֆալիհի մայիսի 25-27 Ադրբեջան նախատեսված այցի մանրամասները։ Ալ Ֆալիհն երկար տարիներ եղել է Saudi Aramco–ի ղեկավար և մեծ փորձ ունի նավթային ոլորտում։
Վերջերս Սաուդյան Արաբիա էր այցելել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով հանդիպել է այդ երկրի իր գործընկեր Մուհամմադ բեն Սալմանի հետ։ Նա այցելել է նաև Իսլամական ռազմական կոալիցիայի կենտրոն։

 


Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել էր, որ շուտով ադրբեջանական բանակում կհայտնվի Սաուդյան Արաբիայի ռազմական արտադրանքը։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան այսօր ռազմական արդյունաբերության ոլորտում առաջատար երկիր է և շուտով սաուդյան ռազմական արտադրանքն ու տեխնոլոգիաները տեղ կգտնեն Ադրբեջանի զինված ուժերում։