ԻՀՊԿ վետերաններից՝ Ալլահ Քարամը խիստ քննադատության է ենթարկել Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի՝ տարածաշրջանային քաղաքականությունը՝ նշելով, որ «Ռոհանին այնպես արեց, որ Էրդողանն ամեն օր հարձակվում է Իրանի վրա»: Նրա քննադատությունից զերծ չի մնացել նաև արտգործնախարար Զարիֆը, այդ համատեսքստում նշելով, որ սխալ արտաքին քաղաքականության հետևանքով Իրանը հեռացավ Եվրոպայից ու հարևաններից:


Պետք է նշել, որ Հասան Ռոհանին 2014 թ. 18 տարվա ընդմիջումից հետո՝ որպես Իրանի նախագահ այցելեց Թուրքիա: 1996թ. Հաշեմի Ռաֆսանջանիի այցից հետո դա Իրանի նախագահի առաջին այցն էր Անկարա: Անցած տարիներին թե՛ Մոհամմադ Խաթամիի և թե՛ Մահմուդ Ահմադինեժադի՝ Թուրքիա նախատեսված այցերը տարբեր պատճառներով չեղյալ են հայտարարվել:


Ըստ ամենայնի՝ նախկին ԻՀՊԿ-ականը Ռոհանիի կառավարությունից ակնկալում էր Էրդողանի հարձակումների նկատմամբ ավելի կոշտ արձագանք. Այնուամենայնիվ պետք է փաստել, որ ի տարբերություն Ահմադինեժադի կառավարության, Իրանի գործող իշխանությունները, հատկապես զինվորականները՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի հակաիրանական գործողություններին բավականաչափ մեղմ արձագանք են տալիս, ինչն ամբողջությամբ համահունչ է Հասան Ռոհանի արտաքին քաղաքականության հայեցակարգին:

 

Արմեն Իսրայելյան