Մենք շատ բան գիտենք միապետների, թագավորների և անցյալի այլ հայտնի անձանց մասին, սակայն, միևնույն ժամանակ, չափազանց քիչ գիտենք այդ ժամանակների սովորական մարդկանց մասին, որոնք կազմում էին բնակչության հիմնական մասը: Վերջերս գիտնականները ուսումնասիրություններ են կատարել այս ոլորտում՝ գանգի հիման վրա վերակառուցելով Քեմբրիջից մի մարդու դեմք, որը մահացել է 700 տարի առաջ: Այժմ մենք կարող ենք տեսնել, թե ինչ տեսք է ունեցել այն ժամանակների հասարակ մարդը, և ինչպիսինն է եղել նրա կյանքը:

2010-2012 թթ. Քեմբրիջի համալսարանի Սբ. Յոհանի քոլեջի աստվածաբանության դպրոցի շենքում հայտնաբերվեց զանգվածային գերեզման, որտեղ կար 400 կմախք: Դրանց մեջ էր նաև մի տղամարդու կմախք, որը պայմանականորեն ստացել է «Կոնտեքստ 958» անվանումը:

 

Կմախքների «տերերը» ապրել են 13-15-րդ դարերում: Նրանց, ամենայն հավանականությամբ, թաղել են Աստվածապաշտ Սբ. Յոհանի հիվանդանոցից բերելիս, որը 1511 թ. գտնվում էր գերեզմանոցի հենց դիմացում և եղել է վարդապետ-ավգուստինականների բարեգործական հիվանդանոցը՝ կառուցված աղքատներին օգնելու համար: Քեմբրիջի բնակիչներին այս գերեզմանում սկսել են թաղել 1195 թվականի սկսած:

«Կոնտեքստ 958»ը բավական ամուր կմախք ուներ, որը որոշ չափով կարելի է վերագրել այն փաստին, որ դրա «տերը» իր ողջ կյանքի ընթացքում ծանր աշխատանքով է զբաղվել: Ամենայն հավանակությամբ, նա նույնպես եղել է Սբ. Յոհանի հիվանդանոցի այցելու, իսկ մահվան պահին շուրջ 40 տարեկան է եղել:

 

Հետազոտողները կարծում են, որ այս մարդը սնվել է մսով և ձկով, իսկ դա էլ նշանակում է, որ նա առևտրով է զբաղվել  կամ էլ լավ աշխատանք է ունեցել, քանի որ այդ մթերքներն այն ժամանակ աղքատներին հասանելի չէին: Ըստ էության՝ նա ֆիզիկական ծանր աշխատանք է կատարել, որի մասին, ինչպես նշեցինք, վկայում է նրա ամուր, բայց, միևնույն ժամանակ, մաշված կմախքը: Կարելի է ենթադրել, որ մարդը պատկանում էր աշխատավորների դասին:

«Կոնտեքստ 958»-ի կյանքը հեշտ չի եղել, քանի որ նրա ատամի էմալը խոսում է այն մասին, որ մանկության և երիտասարդության տարիներին հիվանդություններ է ունեցել կամ էլ տառապել է սովից:

 

 

«Կոնտեքստ 958»-ի կյանքի վերջին տարիները ևս դժվար են եղել հիվանդության պատճառով, որի հետևանքով էլ նա հայտնվել է հիվանդանոցում: Տղամարդու ծոծրակին բութ տրավմայի հետքեր են հայտնաբերվել, որոնք, սակայն, արդեն բուժված են եղել մահվան ժամանակ: Ամենահետաքրքիրն այն է, որ նա թաղվել է դեմքով դեպի ներքև, որը բնորոշ չէ միջնադարյան ժամանակաշրջանին:

 

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ջոն Ռոբն ասում է, որ պատմական տվյալները մեծամասամբ վերաբերում են հարուստ մարդկանց կամ նրանց կյանքին, իսկ սովորական մարդկանց և աղքատներին պատմաբանները կարծես առհասարակ ուշադրություն չեն դարձրել: Այդ իսկ պատճառով էլ գտնված կմախքները յուրօրինակ հնարավորություն են այն ժամանակների քաղաքացիներին ուսումնասիրելու համար: