Ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչակական խմբավորման դեմ իրականացվող պայքարի շրջանակներում Վաշինգտոնը ձգտում է հանդիսանալ հաղթանակի գլխավոր դրոշակակիր արտաքին դերակատարը: Եթե Իրաքում խնդիրը համեմատաբար դյուրին է, այսինքն՝ ցամաքում ԻՊ-ի դեմ պայքարող իրաքյան բանակի, քրդական փեշմերգայի և նրանց հարող մի շարք այլ ուժերի առանցքային արտաքին դաշնակիցը հանդիսանում է հենց ԱՄՆ-ը և նրա գլխավորած միջազգային կոալիցիան, ապա Սիրիայում իրավիճակն սկզբունքորեն այլ է: Սիրիական ցամաքում ահաբեկչական կառույցի դեմ պայքարող 3 հիմնական դերակատարները՝ սիրիական բանակը, հիմնականում քրդական միավորումներից կազմված «Սիրիական դեմոկրատական ուժերը»(SDF), ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» կազմում գործող տարաբնույթ խմբավորումները(հիմնականում թյուրքական ծագման) ունեն տարբեր՝ անգամ միմյանց մրցակից կամ հակառակորդ արտաքին հովանավորներ, համապատասխանաբար՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Թուրքիան:
Այս համատեքստում, հատկապես վերջին շրջանում բավականաչափ սրվել էր մրցակցությունը ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակ տանելու՝ Սիրիայում կառույցի կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքը գրավելու հարցում ինչպես ներսիրիական, այնպես էլ արտաքին հիմնական խաղացողների միջև. հատկապես հաշվի առնելով սիրիական հիմնախնդրի հետ կապված Վաշինգտոնի՝ դեռևս ոչ այնքան հստակ դիրքորոշման հանգամանքը՝ Ռուսաստանը փորձում էր ավելի սերտացնել համագործակցությունը քրդական ուժերի և սիրիական բանակի միջև՝ միասնաբար ԻՊ-ի դեմ գործելու հեռանկարով: Մինչդեռ, չընկրկելով նաև քրդերի հետ համագործակցությունից հրաժարվելու հարցում Թուրքիայի կողմից ակտիվորեն գործադրվող շանտաժային գործիքակազմի առջև, այնուամենայնիվ ԱՄՆ-ը վերջնականապես վճռել է ոչ միայն հնարավորինս աջակցել SDF-ի ստորաբաժանումներին, այլև՝ սեփական զինուժը տեղակայել ալ-Ռակկային հարակից քրդաբնակ շրջաններում՝ ռազմագործողությունն անմիջապես մշակելու և համակարգելու նպատակով:
Այսպես, արևմտյան մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ քրդերի կողմից վերահսկվող և ալ-Ռակկային սահմանակից Սիրիայի ալ-Հասաքա նահանգում են տեղակայվել ամերիկյան ԶՈՒ-ի 78-րդ գնդի 3 գումարտակն իր սպառազինությամբ(Rangers). հենց այս զորամիավորումն է հանդիսացել նաև Իրաքում և Աֆղանստանում իրականացված ամերիկյան ռազմագործողությունների գլխավոր առաջնամարտիկը: Միաժամանակ ուժեղացվում է Պարսից ծոցում ամերիկյան ՌԾՈՒ-ի և Քուվեյթում ամերիկյան ռազմաբազայի անձնակազմը:
Իսկ նախօրեին արդեն SDF-ի միավորներն իրենց վերահսկողությունն են հաստատել Ռակկա-Դեր Զոր ռազմավարական մայրուղին՝ կտրելով իսլամականների մատակարարման հիմնական ուղին: Ըստ ամերիկյան հետախուզության տվյալների՝ Սիրիայում ԻՊ-ի կենտրանակայանում շարունակում են մնալ մինչև 4 հազար հիմնականում շարքային իսլամականներ. նրանց առավել բարձրաստիճան շրջանակն արդենիսկ լքել է քաղաքը՝ կանխատեսելով մոտալուտ հարձակման վտանգը:
Ի տարբերություն իրաքյան Մոսուլ քաղաքի, ալ-Ռակկայի ազատումն իսլամականներից հնարավոր է շատ ավելի սեղմ ժամկետում, եթե իհարկե մրցակից դերակատարներն իրար չխոչընդոտեն:
Արմեն Պետրոսյան