Օրեր առաջ Ադրբեջանում ընդունված տեղեկատվություն փոխանցող մեդիա սահմանափակումների մասին օրենքը արդեն սկսել է գործել: Օրենքում մի շարք այլ սահմանափակումների կողքին նշվում էր, որ արգելվում է կոռուպցիայի վերաբերյալ հոդվածների հրապարակումը: Խոսքի ազատության ինստիտուտի ներկայացուցիչ, ադրբեջանցի բլոգեր-լրագրող Մեհման Հուսեյնովը այդ օրենքն ընդունելուց շատ չանցած ձերբակալվեց Բաքվում և շատ կարճատև դատաքննության արդյունքում դատարանը վերջինիս դատապարտեց 2 տարվա ազատազրկման: Մարտի 6-ին, ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով հանձնակատար Դունյա Միատովիչը, ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների դեպարտամենտի ղեկավար Մայքլ Գրեգոր Լինքը դատապարտել են Բաքվի իշխանությունների որոշումը և պահանջել են անհապաղ ազատ արձակել բլոգեր Հուսեյնովին:
Նկատենք, որ Հուսեյնովի ձերբակալությունը հաջորդում է Լապշինի ձերբակալության փաստին: Այսինքն Ադրբեջանը խոսքի ազատության նկատմամբ կոշտ արշավ է սկսել: Սա նշանակում է, որ բացառապես ներքին տեղեկատվությունը հիմնված է լինելու ստի, կեղծիքի և հորինվածքի վրա, ինչն ի դեպ, իրենց մոտ շատ լավ ստացվում է՝ խաբել մոլորեցնել, ցինիկաբար ստել և արհամարհել սեփական հանրությանը: ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի այս խոսքերը շատ տիպիկ են Ադրբեջանում ստեղծված այս իրավիճակին՝ «Հնարավոր է որոշ ժամանակ խաբել բոլորին, հնարավոր է ամբողջ ժամանակ խաբել մի փոքր մասին, բայց անհնար է անընդհատ խաբել բոլորին»:
Այսինքն ադրբեջանական սուտն ու կեղծիքը հասել է գագաթնակետին ու շուտով մենք ականատես ենք լինելու այս հնարովի պետության փլուզմանը: Առավելևս որ դրա համար նախադրյալները բազմաթիվ են:
Վերանանք այն պնդումներից ու մտայնությունից, թե ինչու խոսքի ազատության նկատմամբ ոտնահարման դրսևորումները եվրոպական ժողովրդավարական հաստատությունները կոշտ արձագանքի և սանկցիաների չեն արժանացնում Ադրբեջանին: Չեն էլ արժանացնելու, քանի որ Ադրբեջանը ունի էներգակիրներ, ապա դրա առկայության պայմաններում իրեն իրավունք է վերապահում սակարկելի դարձնել ցանկացած խախտում ու իր կողմից որդեգրած պատասխանատվություն: Երբ Իլհամ Ալիևին հիշեցնում են իր որդեգրած պարտավորությունների չկատարման մասին, նա էլ եվրոչինովնիկներին հիշեցնում է դեպի եվրոպա ռուսական գազի և նավթի այլընտրանքի մասին: Պարզ և հասարակ:
Ադրբեջանում ժողովրդավարությունը քաղաքակիրթ աշխարհի հետ շփվելու միակ լեզուն է: Այլ կերպ ասած՝ հավատարիմ մնալով իր ժողովրդի հետ շփվելու կոշտ ու կոպիտ, բռնության լեզվին, ժողովրդավարությունը որպես օտար լեզու, ընդամենը «եվրոպաների» հետ շփվելու համար է: Եվրոպայում կարծես սպասում են Ադրբեջանում էներգակիրների պաշարների ավարտվելուն: Իսկ այս տեղեկատվության, խոսքի ազատության նկատմամբ բռնի արշավը Ադրբեջանի համար վատ կենսական սցենարներ է ուրվագծում: Սպասենք այլ ռադիկալ դրսևորումների, որոնք ավելի կմոտեցնեն Ադրբեջանի վերջի սկիզբը:
Վահագն Սարոյան