Ադրբեջանի տարածաշրջանային ռազմավարական նշանակության առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ Նախիջևանի հարցը։ Չունենալով ցամաքային սահման Նախիջևանի ինքնավարության հետ, Ադրբեջանի իշխող վարչակարգի համար հավելյալ խնդիր է հանդիսանում Նախիջևանի ուղղությամբ մշտական քաղաքական վերահսկողության պահպանման հարցը՝ ունենալով անհրաժեշտ կանոնավոր քաղաքական և այլ տեսակի հավելյալ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն։

 

Տարածաշրջանային վերջին զարգացումները՝ Նախիջևանի սահմանին կից հայ-ռուսական միացյալ զորամիավորման ձևավորումը, Թուրքիայի, ինչպես նաև Իրանի մասնակցության ակտիվացումը Նախիջևանի տնտեսական ապաշրջափակմանն ուղղված ցամաքային հաղորդակցությունների զարգացման ծրագրերում, խոսում են վերջին մի քանի տարիների կտրվածքով Նախիջևանի շուրջ տարածաշրջանային հիմնական դերակատարների շահերի բևեռացման գործընթացի մասին։

 

Իհարկե, Նախիջևանի ուղղությամբ իրականացվող այս կամ այն տնտեսական նշանակության ծրագրերը դրական կանդրադառնան ինքնավարության ապաշրջափակման գործընթացի վրա, սակայն մյուս կողմից Նախիջևանի շուրջ արտաքին շահերի կենտրոնացումը բացասական ազդեցություն ունի Նախիջևանի ինքնավարության վրա Ալիևի վարչակարգի իշխանության ամրապնդման հարցերի տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի հետ ցամաքային բացակայության պայմաններում Իրանի կամ Թուրքիայի մասնակցությամբ Նախիջևանում իրականացվող տնտեսական ընթացիկ ծրագրերը ենթադրում են նաև ինքնավարության տնտեսապես ու քաղաքականապես կախվածության մեծացում նշյալ երկրներից։ Այս ամենի համատեքստում, կարծում եմ, որ Նախիջևանի ուղղությամբ տարածաշրջանային իրադրության ցանկացած կտրուկ փոփոխություն բացասական հետևանքներ կարող է ունենալ նախիջևանյան հարցում Ադրբեջանի տարածքային ու պաշտպանական անվտանգության ապահովման համատեքստում։

 

Ուստի, նախիջևանյան ուղղությամբ քաղաքական լարվածության մթնոլորտի ձևավորումը և դրա մշտական պահպանման հնարավորությունը Հայաստանի համար բավական հաջող նախադրյալ կարող է լինել Ալիևի նկատմամբ մշտական ճնշումների բանեցման առումով։ Ենթադրաբար, հայկական կողմին հարկավոր է որոշակի աշխատանքներ տանել առաջին հերթին Մոսկվայի հետ՝ այս խնդիրների հետ կապված։

 

Կարեն Վերանյան