Մարտի 5-ին մեկնարկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն Իրան։ Այցի ընթացքում Իրանի ղեկավարության հետ քննարկվելու են քաղաքական և տնտեսական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Ադրբեջանի ու Իրանի տնտեսական հարաբերությունների խորությունը հասկանալու համար պետք է անդրադարձ կատարել երկկողմ նախագծերին'էներգետիկ, տրանսպորտային, ներդրումային և այլ ոլորտներում։
Իրանական Iran Khodro ընկերությունը նախատեսում է ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող չորս գործարան կառուցել Ադրբեջանում։
Նախորդ տարի Iran Khodro և ադրբեջանական Azeurocar պայմանագիր են ստորագրել Նեֆտեչալայի արդյունաբերական գոտում ավտոմոբիլներ արտադրող համատեղ գործարանի կառուցման մասին:
Ադրբեջանում գործում է իրանական կապիտալով 538 ընկերություն։ Կողմերը պատրաստ են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 500 միլիոն դոլար։Իրանն ու Ադրբեջանը ցանկանում են ավելացնել ավիաչվերթները Բաքվի ու իրանական Թեհրան, Թեբրիզ ու Մեշհեդ քաղաքների միջև։
Բացի այդ, ավարտական փուլում է գտնվում Իրան–Ադրբեջան երկաթգծի շինարարությունը, որը Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի մի մասն է։
ՌԴ–Ադրբեջան–Իրան ուղղությամբ կարող է զարգանալ նաև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակումը'էներգետիկ–տրանսպորտային Հյուսիս–Հարավ միջանցքի շրջանակներում։Նմանատիպ միջանցք, սակայն Արևելք–Արևմուտք ուղղությամբ ձևավորվել է 'Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա եռանկյունում։
Կողմերը զարգացնում են նաև զբոսաշրջային ոլորտը՝ Իրանի քաղաքացիները կարող են հեշտացված ընթացակարգերով այցելել Ադրբեջան, իսկ օրերս բացվել է Նախիջևան-Թեբրիզ-Մեշհեդ՝ Իրանն ու Նախիջանը կապող երկաթգիծ, որը կարող է դառնալ նաև տարանցիկ, եթե Կարսից երկաթգիծ կառուցվի մինչև Նախիջևան, ինչի մասին Բաքվի պաշտոնյաները նախկինում հայտարարել էին:
Այսօր Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ անհրաժեշտ է կառուցել Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթգիծը։
Ասրլանի խոսքով, դա կլինի լրացուցիչ միջանցք, որը կմիավորի Թուրքիան 'Իրանի ու Պակիստանի հետ։
Ադրբեջանն' Իրանի ու Թուրքիայի օգնությամբ «ճեղքում» է նաև Նախիջևանի բլոկադան, ինչը նույնպես երկկողմ հետաքրքրությունների ոլորտում գտնվող հարց է։
Քաղաքական հարաբերություններում առկա են որոշակի խնդիրներ՝ թուրք-ադրբեջանական ու ադրբեջանա-իսրայելական ռազմավարական տանդեմների պատճառով, ինչպես նաև Անկարայից ու Բաքվից հնչող որոշակի նկրտումների մասին Իրանի ադրբեջանաբնակ հյուսիսային շրջանների հանդեպ: Սակայն տնտեսական շահերն այս պահին Թեհրանում ավելի բարձր են դասում, քան քաղաքական որոշակի անհամաձայնությունները՝ Իրանը ցանկանում է մտնել Հարավային Կովկաս, ամրապնդել այնտեղ իրանական ներկայությունն ու հակակշռել թուրքական և ինչու ոչ նաև ռուսական ներկայությանը:
Այդ պատճառով Բաքու-Թեհրան ռազմավարական հարաբերությունները շարունակվելու են խորանալ, սակայն Իրանը միշտ էլ զգուշավոր է լինելու Ադրբեջանի հարցում՝ Թուրքիայի, Իսրայելի ու Արևմուտքի հետ Իրանի դեմ հնարավոր կոալիցիա ստեղծելու հավանականության պատճառով, բացի այդ, Իրանը ցանկանում է հավասարաչափ զարգացնել հարաբերությունները նաև ՀՀ-ի հետ՝ իրականացնելով ինչպես էներգետիկ-տրանսպորտային նախագծեր, այնպես էլ ներդրումային՝ ԵԱՏՄ շուկա դուրս գալ այդ թվում ՀՀ-ն, որպես հարթակ օգտագործելու առումով:
Իրան-ՀՀ հարաբերություններում պակասում է դինամիկան՝ առաջին հերթին տնտեսական, ինչպես նաև նոր գաղափարները, նոր ծրագրերը, իսկ հներն այնքան դանդաղ են առաջ շարժվում, որ Բաքուն այն օգտագործում իրանական բեռները, հոսքերը դեպի իր ենթակառուցվածքներն ուղղելու համար:
ՀՀ-ն պետք է նոր շունչ հաղորդի Իրանի հետ հարաբերություններին, հակառակ պարագայում հայ-իրանական հարաբերությունները կհանգեն հայ-վրացական հարաբերությունների մակարդակին՝ կենացներ բարեկամության, եղբայրության մասին, սակայն տնտեսական իմաստով չնչին կապեր։
Արտյոմ Բալասանով