Թուրքական EJDER մոդիֆիկացված զրահամեքենաները շուտով տրամադրվելու են Վրաստանի զինված ուժերին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբայան։
Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԳՇ պետն այցելել են Վազիանի ռազմակայան, որտեղ հետևել են EJDER–ի փորձարկումներին։


ԶԼՄ–ների տվյալներով, Թուրքիան Վրաստանին է տրամադրելու 100 այդպիսի զինտխենիկա։
Բրյուսելում վերջերս տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի ու Թուրքիայի նրա գործընկեր Ֆիքրի Ըշիքի հանդիպումը, որտեղ քննարկվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ ռազմական համագործակցության հարցը։
Մայիսին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ նախատեսվում է ստորագրել եռակողմ համագործակցության հուշագիր։


Անկարայի ու Թբիլիսիի համագործակցությունն ընդգրկում է բոլոր ոլորտներն ու 2017թ.–ը առանցքային է լինելու երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։Ավարտին է հասցվելու Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին'դա զբոսաշրջային, տարանցման, ապրանքաշրջանառության մեծացման համար նոր հնարավորություններ է ստեղծելու։ Բացի այդ, Հարավային գազային միջանցքի կյանքի կոչման շնորհիվ'կասպիական գազն ու նավթը Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա միջանցքով դուրս է գալու եվրոպական և այլ շուկաներ։


Դրան զուգահեռ, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան նպատակ ունեն ընդլայնեն համագործակցությունը նաև ռազմական ոլորտում։Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախորդ տարի Գաբալայում հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:


Էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի առումով Թուրքիան ու Վրաստանը զգում են միմյանց կարիքը'Վրաստանը Թուրքիայի «պատուհանն» է դեպի Կովկաս, Ադրբեջան ու թյուրքախոս Միջին Ասիա, իսկ ի դեմս Թուրքիայի Վրաստանն ունի հզոր տնտեսական գործընկեր, 80 միլիոնանոց շուկայով երկիր, որը ներդրումների առումով առաջատարն է'Ադրբեջանի հետ մեկտեղ, վրացական տնտեսության տարբեր ճյուղերում։


Թբիլիսին հաշվի է առնում նաև թյուրքական'Քվեմո–Քարթլիի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է, ինչպես նաև իսլամական գործոնը'Աջարիա, Պանկիսիի կիրճ և այլն Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս։ Սակայն Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումների, դեմոգրաֆիկ էքսպանսիան զուգահեռ պետք է անհանգստացնի Վրաստանին'այդ տարածաշրջանի կրոնական–էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով'Բաթումիից մինչև վրաց–ադրբեջանական սահման թյուրքական–մահմեդական միջանցք է ստեղծելու'դրանից բխող հետևանքներով։
Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է ՀՀ–ի հյուսիսային սահմանների երկայնքով և դա նույնպես պետք է մտահոգի Երևանին'դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո–Քարթլիով, իսկ մյուսը'Ջավախքով, որտեղ աստիճանաբար թյուրքական գործոնը վճռորոշ է դառնում։


Հավելենք, որ Թուրքիան Վրաստանի առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է երկրորդ տեղը։Ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ միլիարդի սահմանը։ Վրաստանի ՆԱՏՕ–ական, եվրաատլանտյան ուղենիշը նույնպես ազդելու է'տնտեսական տրամաբանությունից բացի, Թուրքիա–Վրաստան հարաբերությունների ամրապնդման վրա։

 

Արտյոմ Բալասանով