Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն:

 

Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Նա պատերազմի վերսկսման մասին բարձրաձայնողներին խնդրել է չահաբեկել Արցախում ապրողներին, մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր զինվորների ծնողներին և հարազատներին:

 

«1991թ. սկսած պատերազմը դեռ չի ավարտվել, այսպես կոչված զինադադարի ռեժիմը խախտվել է անմիջապես զինադադարի կնքման օրվանից առ այսօր և խախտվելու է դեռ տասնյակ տարիներ: Փոխվելու են զենքերն ու նրանց տրամաչափերը, տեխնիկան ու տեխնոլոգիաները, եթե այն դիտարկում ենք որպես ռազմական գործողություն, ապա այն ժամանակ առ ժամանակ տեղի է ունենալու: Մենք՝ Արցախում ապրողներս, ընդմիշտ պետք է ազդակ հաղորդենք մեր ժողովրդին, որ սա մեր դառը և ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր և պարտավորեցնող խաչն է: Իսկ եթե շատ եք ուզում, կարող եք անվանել նաև հարատև պայքար: Սա այն անխուսափելին է, որը կա այսօր և կլինի դեռ երկար ժամանակ»,-գրել է Արցախի փոխվարչապետը:

 

Նա նաեւ նշել է, որ մի խումբ երիտասարդներ կիրակի՝ փետրվարի 26-ին ծառատունկ են կազմակերպել Արաքսի հովտում: «Օրերս Արցախ էր ժամանել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը՝ Ստեփանակերտում մեծ ներդրում կատարելու ցանկությամբ»,-հավելել է նա: