Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ:

 


Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Ադրբեջանը շարունակում է լարվածություն հրահրել առաջնագծի ողջ հատվածում, որպեսզի մանր սադրանքների քաղաքականությամբ «շոշափի» հայկական դիրքերը, ստուգի զորքերի զգոնությունն ու չդիմելով լայնածավալ ռազմական գործողությունների պատճառի մարդկային կորուստներ։
Կոնկրետ Թալիշի ուղղությամբ ակտիվությունը պայմանավորված է Բաքվի ղեկավարության ցանկությամբ թույլ չտալ Թալիշի վերաբնակեցումն ու վերականգնումը։ Կրակի տակ պահելով գյուղը Ադրբեջանը ցանկանում է պահպանել հետապրիլյան ստատուս–քվոն' սահմանագծի, դիրքերի կոնֆիգուրացիայի առումով ու թույլ չտալ խաղաղ բնակչության վերադարձ։

 


Հարվածելով բնակավայրերին, խաղաղ բնակչությանը Բաքուն ցանկանում է «պատասխան» կրակ ստանալ հայկական կողմից և դա ցուցադրելով միջազգային հանրությանը փորձել լարվածության մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ Մինսկի խմբին «առիթ»' կրկին անգամ «անատամ» և հավասարության նշան դնող հայտարարություններով հանդես գալ։
Արցախի ՊԲ–ը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ՊԲ–ի ստորաբաժանումներն երբեք չեն թիրախավորում ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու բնակավայրերը։

 

Արտյոմ Բալասանով