Յուրաքանչյուր հասարակական-պատմական ժամանակաշրջան մշակում է իրեն բնորոշ քաղաքական մշակույթ, որի փոփոխության ժամանակ տեղի է ունենում բոլոր արժեքների, նորմերի և դրույթների, մարդկանց աշխարհաճանաչման ողջ համակարգի վերանայում:
Ֆրենսիս Ֆուկույաման գտնում էր, որ կանայք խաղաղ են: Նա, իր «Կինը և համաշխարհային քաղաքականության էվոլյուցիան» հոդվածում, փաստարկում էր, որ տղամարդիկ ավելի շատ են հակված բռնության, քան' կանայք: Ֆուկույաման գտնում էր, որ այդ երեւույթը իր մեջ վտանգ է պարունակում, քանի որ կանայք ավելի խաղաղասեր են:
ՀՀ քաղաքական մշակույթում տղամարդկանց և կանանց դերակատարման տարբերություններն ու առանձնահատկությունները բավականին տեսանելի և «մակերեսային» են: Կանանց բոլոր տեսակի «շարժումներն» ու ակտիվությունը հնարավոր է փոքր-ինչ փոխեն կանանց դերի կարևորումը քաղաքականության մեջ և մի շարք «էլիտար» բնագավառներում:
Հանրության մոտ ձևավորված է սխալ տեսակետ, թե կինն ունի որոշակի դեր, որը հիմնականում կապված է ընտանիքի հոգսերի հետ եւ հիմնական փաստարկը այն է, որ կինը չի կարող զբաղվել մի շարք գործերով:
Իսրայելի բանակի փորձը ցույց է տալիս, որ կինը իրեն կարող է դրսևորել նաև այդ միջավայրում: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Իսրայելի բանակը մի քանի տասնամյակի պատմություն ունի, և այդ հասարակության կանայք կարողացել են շատ կարճ ժամանակահատվածում փոխել իրենց բազմադարյա կարգավիճակն ու ունակությունները: Հայաստանյան հասարակական կառուցվածքը, ընդհանուր առմամբ, սահմանափակում է կանանց մեծ մասի ներգրավումը հասարակական-քաղաքական կյանքում:
Կանայք հաճախ թերարժեք են իրենց զգում տղամարդկանց համեմատությամբ, քանի որ նրանց կյանքը հիմնվում է տղամարդկանցից տնտեսական, քաղաքական և հոգեբանական, սոցիալական կախվածության վրա:
Քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների շարքում հասարակության մեջ կարծրատիպային մոտեցումների առկայությունն է: Որքան հասարակությունը «բարդութավորված» է, այնքան շատ է հոգեբանական պաշտպանական որոշ մեխանիզմների գործածումը, իսկ որքան շատ են դրանք գործածվում, այնքան սուբյեկտիվ են պատկերացումներն ու դիրքորոշումները:
Մեր հասարակության մեջ կանանց բավականին մեծ զանգված չի աշխատում (տնային տնտեսուհի), իսկ կին-տղամարդ թեկնածուների մրցապայքարում, նույն վարկանիշի դեպքում էլ չի ընտրի կին թեկնածուին, քանի որ գործում է հոգեբանական արտացոլման մեխանիզմը: Այս մեխանիզմի դեպքում կին ընտրողը վստահություն չի տածում կին թեկնածուի նկատմամբ, քանզի ինքն իր բնույթով և կենսակերպով բոլորովին այլ ակտիվություն, հետաքրքրություններ ու առաջնահերթություններ ունի կյանքում: Նույն մեխանիզմի գործածումը հատուկ է տղամարդկանց այն շերտին, որոնք որպես կին-կերպար' ի դեմս իրենց կանանց, որոնք ավելի պասիվ ոճ և դերակատարում ունեն, ոչ մի կերպ իրենց ընկալումներում չունեն կին քաղաքական գործչի կերպարը:
Քաղաքական ընտրապայքարում և, առհասարակ, հիմնախնդրի վերաբերյալ մոտեցումն է փոխել պետք, ոչ թե տղամարդուն և կնոջը փորձել հավասարեցնել:
Արման Հովասափյան