Իրանը շարունակելու է աջակցել Սիրիային'մինչև ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին'Սիրիայի խորհրդարանի ղեկավար Հադիե Աբբասի հետ հանդիպմանը։
Մերձավոր Արևելքում Իրանը համագործակցում է Սիրիայի հետ՝ որպես իր «նահանգներից» մեկի հետ։ Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա–քաղաքական միավորումը։ Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Բաշար Ասադի կողմից։
Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա–տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից' Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը' պայքարելով տարբեր սուննիական ծայրահեղական խմբավորումների դեմ։
Սիրիան ու Հզբոլահը Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են՝ ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը Դամասկոսի օդանավակայանի միջոցով, ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։
Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից'հակամարտության սկզբից ի վեր, Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։ Պետական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանը ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։
Ինչ վերաբերում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների' Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել, այսպես կոչված, «շիայական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։
Թել-Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը' իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Սիրիական հակամարտության շարունակությունն'առանց այն Իսրայելի տարածք տեղափոխելու հեռանկարի, ձեռնտու է Թել-Ավիվին, քանի որ աշխարհաքաղաքական հակառակորդ Իրանի շահերի սպասարկող Սիրիան կազմաքանդված է, նրա տնտեսությունը գտնվում է փլատակաների տակ, իսկ Հզբոլահն, Իսրայելից «շեղվելով», իր ամբողջ ուժն ու մարդկային լավագույն ռեսուրսները սպառում է սիրիական անապատներում' մարտնչելով սուննիական տարբեր խմբավորումների դեմ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Վաշինգտոնի համար շիայական գործոնի ուժեղացումը նույնպես ձեռնտու չէ. այն հարվածում է ամերիկյան դաշնակիցների' Իսրայելի, Թուրքիայի, Ծոցի երկրների շահերին ու անվտանգությանը։ ԱՄՆ-ն, հրահրելով հակամարտություններ ու ներխուժելով Իրաք ու Աֆղանստան, կազմաքանդելով այդ պետությունները, էթնիկ-կրոնական սահմաններով Իրանը շրջապատել է «հակամարտության օջախներով»' արևմուտքում Իրաք, սիրիական հակամարտություն, արևելքում' Աֆղանստան՝ իր չդադարող «բոլորը' բոլորի դեմ» պատերազմով, իսկ Իրանի հարավում' Պարսից ծոցում (Թեհրանի հակառակորդներն այն հաճախ նախընտրում են անվանել Արաբական ծոց) ԱՄՆ-ը տեղակայել է իր ռազմաբազաներն ու 5-րդ նավատորմի կենտրոնատեղին' Բահրեյն, Մանամա նավահանգիստ։
Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա Իրանի դիրքերի թուլացումը սիրիական, իրաքյան, լիբանանյան և այլ խաղատախտակներում կօգնի լուծել Էրդողանի վաղեմի երազանքը' կառուցել Նոր Օսմանական կայսրություն ու Թուրքիայի' սուննիական ազդեցության գոտին տարածել Սիրիայի հյուսիսից մինչև Եմեն։
Այսպիսով՝ Սիրիա-Իրան' շիայական տանդեմի կազմաքանդումը բխում է մի շարք պետությունների շահերից, իսկ Թեհրանի համար Սիրիայի կորուստը կունենա ռազմա-քաղաքական լրջագույն պարտություն էֆեկտ։