Քաղաքականության մեջ կան իրարից տրամագծորեն տարբերվող իրավիճակներ, որոնց շրջանակներում արդյունավետ կարող է լինել քաղաքական առաջնորդի առանձին որոակները: Թերևս, այս ամենից միակ պարզ, բայց միաժամանակ նշանակալի հետևությունն այն է, որ առաջնորդը փայլուն պետք է տիրապետի և ունենա լիդերի հավաքական կերպարը ամբողջացնող բոլոր որակները:
Հարիզմատիկ առաջնորդը միշտ չէ, որ մասնագետների ներկայացրած «մեծ գործիչն» է, և այդ առաջնորդը բոլորովին էլ միայնակ հերոսը չէ։ Չնայած նրան շրջապատող զանգվածային ոգևորությունը, որը կարելի է համեմատել միայն կրոնական զգացումի հետ, այս երևույթը միանգամայն սոցիալական է, և հարիզմատիկ կարողության մասին լեգենդը պահպանելու համար, ինչպես այլ տիպի քաղաքական գործիչների դեպքում, անհրաժեշտ են շոշափելի ռեսուրսներ և որոշակի սոցիալական խմբերի և կառույցների անընդհատ ջանքերը և մշտական աշխատանքը։

 


Վիճակագրության համաձայն, աշխարհի բնակչությունը, ընդհանրապես բավական վատ է վերաբերում քաղաքական առաջնորդներին: Յուրաքանչյուր 10-ից 6-ը համոզված է, որ քաղաքական գործիչներն անազնիվ են, չափից ավելի մեծ իշխանություն ունեն և իրենցից ավելի հզորների ազդեցության տակ են գտնվում։

 


ՀՀ նման փոքր երկրներում, որոնց առաջ ծառացած են աշխարաքաղաքական լուրջ մարտահրավերներ, անհրաժեշտ են ինտելեկտուալ, հայրենասեր, զոհաբերության պատրաստ և ոչ ընչաքաղց լիդերներ: Հատկապես առանձնացրել եմ լիդերին բնորոշող այս չորս բաղադրիչը, քանի որ հենց դրանցով պայմանավորված է կառուցվում պետության հետագա քաղաքական օրակարգերը և տեսլականը:
Փոքր երկրին անհրաժեշտ է հայրենասեր լիդեր, քանի որ կոսմոպոլիտիզմն ուղղակի կործանարար հետևանքներ կունենա ազգային դիմագծի պահպանման համար: Զոհաբերության գնալու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ցանկացած ստեղծված կացությունում լիդեր-ղեկավարը կարողանում է իր անձնականը ստորադասել պետականին, և ցանկացած պահի հրաժարվել պաշտոնից ու լծակից (1998 թվականի փետրվարյան դեպքերը նշածիս վառ օրինակն է. մինչ այժմ չունենք մեկ այլ նախագահ, ով հրաժարական է տվել):

 


Հայ ազգը կարիք ունի պետական գործիչների, իսկ քաղաքական գործիչների պակաս առօրյայում չկա: Որպես պետական մտածելակերպով գործիչներ կառանձնացնեմ Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Ալեքսանդր Մյասնիկյանին, Աղասի Խանջյանին: Հատկապես այս չորս անհատներին, որովհետև տարբեր իրավիճակներում առանձնացել են իրենց ազգային հատկանիշներով' մոռանալով սեփական ամբիցիաների մասին. ի դեպ նրանցից երկուսը մահացել են ոչ իրեն բնական մահով հենց այդ գաղափարներին և արժեհամակարգին դավանելու պատճառով:
Հետխորհրդային Հայաստանում պետական գործիչների պակաս իրականում ունենք, նախընտրական ինտրիգներից խուսափելու համար անուններ չեմ առանձնացնի, ուղղակի նշեմ, որ պետական գործիչները ազգի փրկությունն է:

 


Պատահական չի, որ գոյություն ունի մի պարզ ճշմարտություն. քաղաքական գործիչները մտածում են գալիք ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները' գալիք սերունդների:

 

Արմեն Հովասափյան