Այս տարվա մարտին տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի երկաթգծերի միավորումը։ Դա հնարավոր կլինի իրականացնել Աստարա(Իրան)-Աստարա(Ադրբեջան) երկաթգծերի միավորման շնորհիվ, ինչը Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի մի մասն է։Այդ մասին Բաքվում հայտարարել է Իրանի երկաթգծերի ղեկավար Սաիդ Մագոմեդզադեն։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Իրանը որոշել են արագացնել Աստարա՝ Իրան-Աստարա՝ Ադրբեջան երկու երկրները միմյանց կապող երկաթգծի շինարարության նախագիծի իրականացումը: Հյուսիս-Հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպա Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի միավորման համար: Տվյալ նախագիծը ենթադրում է իրանական և ադրբեջանական Աստարաների միջև երկաթգծային կամրջի շինարարություն և ութ կմ-ոց երկաթգծի շինարարության Ադրբեջանի տարածքում:


Տրանսպորտային համագործակցությունից բացի, Թեհրանն ու Բաքուն զարգացնում են նաև էներգետիկ համագործակցությունը։Ադրբեջանը 2016թ.–ից սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը։ Բացի այդ, SOCAR 2016թ.–ի հունվար–սեպտեմբվերին 167,3 միլիոն խմ գազ է փոխանակվել Իրանի հետ։ Ադրբեջանի գազն Իրանի տարանցքով տեղափոխվում է դեպի Նախիջևան։


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի սկզբին կայցելի Իրան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։ Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում։
Ինչ վերաբերվում է երկկողմ համագործակցության մեկ այլ կարևոր'ներդրումային ոլորտին, ապա Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու գործարան կառուցել Արազ գետի ափին իրանական Մարազադ և ադրբեջանական Օրդուբադ քաղաքների մոտակայքում։Իրանական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 2,6 միլիարդ դոլարի, որից 145 միլիոնը բաժին է ընկնում ոչ նավթային ոլորտին։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում աշխատում է իրանական կապիտալով 450 ընկերություն։ Ապրանքաշրջանառությունն Ադրբեջանի ու Իրանի միջև 2016թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 175միլիոն դոլար, որից 130 միլիոնը բաժին է ընկնում Իրանից ներկրմանը։


Ինչ վերաբերվում է Երևանի շահերին, ապա Իրան-Հայաստան երկաթգիծը, որի մասին տարիներ շարունակ խոսվում է, այդպես էլ իրականություն չի դառնում՝այդ թվում ֆինանսական և հայկական կողմի ոչ նախաձեռնողական, պասիվ դիրքորոշման պատճառով, իսկ Բաքուն այդ շանսը ձեռքից բաց չի թողնում՝իրանական բեռների հոսքերը դեպի իր տարածք ուղղելու համար, անգամ կարող է արտոնյալ պայմաններ ստեղծել իրանցիների համար՝միայն թե իրանցիներին կտրի ՀՀ-ի ուղղությունն ընտրելու ցանկությունից:
Ինչ վերաբերվում է ՌԴ-ին, ապա Իրանի շուկա դուրս գալը՝Կասպից ծովով, լաստանավային փոխադրումներին զուգահեռ ավտոմոբիլային, երկաթգծային կապ ունենալը շատ կարևոր է՝80 միլիոնանոց, պատժամիջոցներից ազատված իրանական շուկան շատ գրավիչ է տնտեսական լուրջ խնդիրներ՝պատժամիջոցներ, նավթի գների անկում, ռուբլու արժեզրկում ունեցող Մոսկվայի համար:


Երեք երկրների'ՌԴ, Ադրբեջան, Իրան շահերը էներգետիկ-տրանսպորտային նախագծեր իրականացնելու հարցում համընկնում է և նրանց առաջ են շարժվելու իրենց ազգային շահերից ելնելով։

 

Արտյոմ Բալասանով