ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (11 փետրվար 2017թ.)
Տոն Սուրբ Սարգիս զորավարի
Հիսուս ասում է.
-Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։
Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ Դա առիթ պիտի լինի ձեզ համար՝ վկայություն տալու իմ մասին։ Հենց այժմվանից ձեր մտքում թող լինի սա. սկզբից մի՛ մտածեք, թե ի՛նչ պատասխան պիտի տաք, որովհետև ես ձեզ կտամ պետք եղած խոսքը և իմաստությունը, որին չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Նույնիսկ ձեր ծնողները, եղբայրները, ազգականներն ու բարեկամները պիտի մատնեն ձեզ, սպանեն ձեզնից ոմանց։ Ամեն մարդ իմ պատճառով պիտի ատի ձեզ։ Բայց ձեր գլխից մի մազ անգամ չի կորչի։
ԵՎ ՁԵՐ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԴՈՒՔ ԿՓՐԿԵՔ ՁԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ։
(Ղուկասի ավետարան 21:12-19)
Զորացե՛ք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ: Ձեզ վրա՛ առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել Սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների: Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար:
Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը: Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը: Այս բոլորի հետ մեկտեղ աղոթեցե՛ք, թախանձագին աղոթեցե՛ք Սուրբ Հոգու օգնությամբ:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:10-18)
Ռուբեն վարդապետ Զարգարյան