Մոսկվան խորը հիասթափված է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Մինսկի որոշմամբ: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու նրա իրավունքները և հետաքրքրությունները պահպանելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Մտադիր ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Ռուսաստանի քաղաքացու իրավունքների և օրինական հետաքրքրությունների պահպանման համար՝ նրան շուտափույտ իր ընտանիքին վերադարձնելու նպատակով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելի ԱԳՆ–ն էլ հայտարարություն է տարածել, որ Լապշինի գործը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։
Բելառուսի կողմից, որն ի դեպ ՀՀ–ի դաշնակիցն է ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում, Լապշինի արտահանձնումը Բաքվին քաղաքական ժեստ էր թե Մոսկվային'ռուս–բելառուսական հարաբերությունները վերջերս տնտեսական հողի վրա բավականին լարվալ էին, թե ՀՀ–ին։ Մինսկն այդ քայլով ցուցադրեց, որ Ղարաբաղում պատերազմի դեպքում ոչ միայն չի աջակցելու ՀՀ–ին, այլև դիտարկում է Ադրբեջանին իր համար ավելի կարևոր տնտեսական, ռազմա–քաղաքական գործընկեր, քան Երևանին։ Լուկաշենկոն «Լապշինի գործը» փորձելու է «թանկ վաճառել» Ալիևի վրա'ստանալով ադրբեջանական նավթ, ներդրումներ, ինչպես նաև բելառուսական ռազմա–արդյունաբերական համալիրի համար հնարավոր գործարքներ'Բաքվին զենքերի վաճառքի կապակցությամբ։


Մինսկը գիտակցում էր, որ Մոսկվան սուր է արձագանքելու Լապշինի արտահանձնմանը, սակայն գնաց այդ քայլին'այստեղ պետք է լինի քաղաքական հաշվարկ։
Այլևս հետ պտտեցնել այս պատմությունն անհնար է'Լապշինն արդեն Բաքվում է և ադրբեջանական իշխանությունները շոու են կազմակերպելու Լապշինի գործից'ցուցադրելով, որ ցանկացած լրագրող, քաղաքական գործիչ, բլոգեր, ով կայցելի Արցախ կարժանան Լապշինի ճակատագրին։


Ինչպիսի լուծում էլ ստանա Լապշինի գործը միևնույն է'Ադրբեջանը տեղակատվական առումով շահել է'նա կարողացել է հասնել նրան, որ Մինսկն արտահանձնի նրան, իսկ մինչ այդ'Ռամիլ Սաֆարովն էր Հունգարիայից տեղափոխվել Բաքու'չնայած հայկական կողմի բազմաթիվ բողոքների։ Ադրբեջանն օգտագործում է իր նավթային, խավիարային դիվանագիտությունը'լոբբինգ է անում իր շահերը, իսկ թե ուր է հայկական դիվանագիտությունը, ԱԳՆ–ը և այլ ծառայությունները'դա արդեն հռետորական հարց է։
Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության եւ ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության եւ ժողովրդավարության միջեւ առկա խորը անդունդը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:


«Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»,-ասել է նա:
ՀՀ–ի ԱԳՆ–ի արձագանքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ'ինչպես կարող է շատանալ հոսքը'այո, զբոսաշրջիկները, այն էլ հիմնականում ազգությամբ հայ այցելում եմ Արցախ, սակայն օտարազգի հասարակական գործիչները, լրագրողներն արդեն տաս անգամ մտածելու են և մի կշեռքի նժարին դնեն'Ադրբեջանի կողմից աշխարհի ցանկացած անկյունում հետապնդվելու վտանգն ու Բաքու այլևս մուտք չգործելու հեռանկարը'«սև ցուցակում» հայտնվելու պատճառով, իսկ կշեռքի մյուս նժարին'պատերազմական գոտի համարվող Ղարաբաղ այցը'այստեղ օտարազգիների մոտ գործելու է ոչ թե հայրենասիրությունը, հայկական Արցախը տեսնելու հետաքրքասիրությունը, այլ սառը դատողությունն ու հաշվարկը։
Իրադարձություններն Արցախում օտարազգիները կարող են լուսաբանել տարածաշրջանային'ադրբեջանական, հայկական ԶԼՄ–ների վրա հղումով, քոմենթով կամ ՀՀ–ում պահելով թղթակից, ով կմեկնի Արցախ ու կլուսաբանի իրադարձությունը։


Օտարերկրացի լրագրողների, փորձագետների, հասարակական–քաղաքականգործիչների մուտքն Արցախ խոչընդոտելու Ադրբեջանի ռազմավարությունը հետագայում միայն նոր թափ է ստանալու։

 

Արտյոմ Բալասանով