Բելառուսը, ինչպես և ակնկալվում էր, հանձնեց Ալ. Լապշինին Բաքվի իշխանություններին։ Գործի հետ կապված Ալիևն իր առջև դրել է գլխավոր նպատակ՝ Լապշինի վերադարձով ստեղծել նախադեպ։ Բաքվի իշխանությունների կողմից այդ նախադեպի գործընթացի մեկնարկը տրվեց այն ժամանակ, երբ Լապշինը ոտք դրեց Բաքվում։ Սակայն շատ կարևոր է առանձնացնել, որ մեկնարկը իհարկե տրված է, սակայն գործընթացը շարունակվում է, և հայկական կողմը կարող է դեռ հակաքայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Իհարկե, միգուցե Իսրայելն ու Ադրբեջանը արդեն ունեն պայմանավորվածություններ Լապշինին Իսրայելին առաջիկայում արտահանձնելու հարցի շուրջ, և ամենայն հավանականությամբ դա այդպես էլ կլինի։ Սակայն մեր խնդիրն է չթողնել, որպեսզի Լապշինի գործը դառնա նախադեպային՝ օտարազգիների համար Արցախ այցելելու համատեքստում։
Այս պահի դրությամբ կարելի է դիտարկել երկու իրատեսական սցենար՝ նախ պաշտոնապես հայտարարում ենք 2017 թվականը Արցախի զբոսաշրջության տարի հռչակելու մասին, որպեսզի ներգրավենք հնարավորինս շատ հյուրեր արտերկրից, երկրորդ՝ կարող ենք Լապշինին փոխանակել գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի հետ։ Այստեղ էական չէ՝ Լապշինը Իսրայելի, Ռուսաստանի, թե այլ երկրի քաղաքացի է, և առհասարակ՝ հարցը նրա անձի հետ կապված չէ, իսկ այս քաղաքական գործընթացը անձնավորելը, կարծում եմ, թշնամու ջրաղացին ջուր լցնելու պես մի բան է։ Մեր առաջնակարգ խնդիրն այն է, որ չթողնենք սա դառնա նախադեպային։ Իսկ որ այստեղ դեռ ունենք անելիքներ, և հարցը չպետք է փակված համարենք, բավական իրատեսական պետք է համարել։
Կարեն Վերանյան